Արմեն Սարգսյանը կդիմի Սահմանադրական դատարան. նա գրություն է ուղարկել ԱԺ նախագահին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվում է ժամանակավոր խորհրդակցական աշխատանքային խումբ՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների վերաբերյալ կարծիքներ ձևավորելու և իրեն ներկայացնելու համար: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տրամադրել է գրության տեքստը, որը մայիսի 24-ին ուղարկվել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին: Ստորև ներկայացնում ենք գրությունն ամբողջությամբ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովը ս. թ. մայիսի 3-ին չընտրեց իմ կողմից ներկայացված՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուին, ես «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա պետք է տասնօրյա ժամկետում առաջադրեի նոր թեկնածու: Ցանկանում եմ տեղեկացնել՝ այդ ժամանակահատվածում ձեռնարկել եմ անհրաժեշտ քայլեր Սահմանադրական դատարանի դատավորի բարձր պաշտոնին արժանի թեկնածու ընտրելու և Ազգային ժողով ներկայացնելու ուղղությամբ: Ցավով պետք է նշեմ, որ իմ կողմից առաջադրված թեկնածուն, հաշվի առնելով Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի նախորդ թեկնածուի ներկայացման ժամանակ հնչած մտահոգությունները, առաջադրման համար սահմանված ժամկետի վերջին օրը հրաժարվեց առաջադրումից, որի արդյունքում նոր թեկնածու առաջադրելու հնարավորություն գործնականում չկար: Կարծում եմ՝ օրենսդիրը նման հնարավոր իրավիճակների առաջացումը հաշվի չէր առել:
Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի նախորդ թեկնածուի ներկայացման ժամանակ հնչած առարկություններն ու մտահոգությունները, թեկնածուի ընտրության ընթացակարգերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների առաջարկությունները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի բարձր պաշտոնին Սահմանադրությամբ նախատեսված առանցքային լիազորություններն ու առաքելությունը, իմ կարգադրությամբ ստեղծվում է ժամանակավոր խորհրդակցական աշխատանքային խումբ՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների վերաբերյալ կարծիքներ ձևավորելու և ինձ ներկայացնելու համար, որոնք ամփոփելով՝ սեղմ ժամկետում Ազգային ժողով կառաջադրեմ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141րդ հոդվածի 3րդ և 8րդ մասերում, ըստ իս, կան Սահմանադրությանը համապատասխանության խնդիրներ, որոնց պարզման նպատակով, ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով և 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, օրերս կդիմեմ Սահմանադրական դատարան»:
Հիշեցնենք՝ մայիսի 4-ին Ազգային ժողովի կողմից նախագահի առաջադրած թեկնածուի՝ Էմիլ Բաբայանի չընտրվելուց հետո, ընդունելով իրավաբանական հանրության առաջարկը՝ նախագահ Արմեն Սարգսյանը որոշել էր մինչև նոր թեկնածության առաջադրումը նախաձեռնել լայնածավալ խորհրդակցություններ, ինչի մասին գրավոր տեղեկացրել էր Ազգային ժողովի նախագահին։
Այդուհանդերձ՝ մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ թեկնածու է առաջադրել դատավորների ընդհանուր ժողովը, խորհրդարանի նախագահն էլ որոշել է ընտրության հարցը քննարկման դնել հունիսի 12-ին:
Ըստ գլխավոր օրենքի՝ Սահմանադրական դատարանի թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և կառավարությունը: