
«Ես 27 տարի է՝ դիվանագիտական աշխատանքի եմ, եթե իմ ընտանիքին հարցնեք, դժվար համաձայնեն ձեզ հետ»

ՀՀ արտաքին գործերի նախարարը Հայաստանի դիվանագիտական ներկայացվածությունը միջազգային դաշտում շատ ավելի համեստ է համարում, քան ցանկալի կլիներ: Այս մասին Զոհրաբ Մնացականյանն ասաց Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ՝ իրեն ուղղված հարցին ի պատասխան: Նա նշեց, որ անկախ Հայաստանի 27 տարվա պատմության ընթացքում, որքան հնարավոր է եղել, ընդլայնել են իրենց ներկայության աշխարհագրությունը, ինչը, սակայն, մասնագիտական առումով դեռևս բավարար չէ:
«Մենք 27 տարվա ընթացքում կարողացել ենք աշխատել ու հասնելի լինել տարբեր խողովակներով: Այո, բավական սահմանափակ միջոցներով կատարում ենք այդ գործառույթները»,- ասաց նախարար Մնացականյանը:
Նա չհամաձայնեց այն դիտարկման հետ, որ դիվանագիտական աշխատանքը ճոխ ու հաճելի կյանք է ապահովում: «Ես 27 տարի է՝ դիվանագիտական աշխատանքի եմ, եթե իմ ընտանիքին հարցնեք, դժվար համաձայնեն ձեզ հետ: Բայց այստեղ հարցը դրանում չէ, այլ հպարտության և պատասխանատվության՝ ներկայացնելու Հայաստանն՝ անկախ միջոցներից»,-հավելեց արտաքին գերատեսչության ղեկավարը:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ նախորդ տարի դիվանագիտական առաքելության իրականացմանը տրամադրվել է շուրջ 15 միլիարդ դրամ: