«Չեմ բացառում, որ գործերը կհասնեն նաև դատարաններ, ու կլինեն ազատազրկման դրսևորումներ». Բորիս Նավասարդյանը՝ ԱԱԾ վերջին բացահայտումների և ստուգումների մասին

«Ես արդարացված եմ համարում կոշտ վերաբերմունքը, որովհետև Հայաստանում այնքան է խորացել մենաշնորհի, օլիգարխիայի խնդիրը, որ դա վաղուց անցել է պետության զավթման սահմանները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԱԱԾ վերջին բացահայտումների և ստուգումների մասին՝ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Ըստ նրա՝ պետությունը և պետական կառույցները ենթարկված էին մի քանի մարդու մասնավոր շահերին, ինչը, նրա խոսքով, անթույլատրելի երևույթ է. «Այդ կոշտ միջոցները, կարծում եմ, շարունակվելու են մինչև այն պահը, երբ այդ բոլոր խոշոր բիզնեսմեններն ուղղակի դադարեն օլիգարխ լինել։ Այսինքն՝ նրանք զբաղվեն իրենց բիզնեսով՝ չունենալով մենաշնորհային դիրքեր, աշխատելով հավասար պայմաններում, վճարեն այն բոլոր պարտքերը, որոնք կուտակվել են վերջին տարիներին՝ դրանով օգնելով նաև ՀՀ բյուջեին։ Դրանից հետո կարծում եմ՝ այդ կոշտ մեթոդները կդադարեն։ Ես բոլորովին այստեղ հակասություն չեմ տեսնում Ն. Փաշինյանի այն հայտարարության հետ, որ վենդետա չի լինելու»։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ հայտնի օլիգարխներից, պաշտոնյաներից մի քանիսը հայտնվեն դատարաններում, Բ. Նավասարդյանն այսպես պատասխանեց. «Նույնիսկ օրենսդրության մեջ կան հնարավորություններ համաձայնության գալու։ Այսինքն՝ եթե դու համաձայնում ես իշխանությունների հետ՝ փոխհատուցել այն բոլոր վնասները, որ դու հասցրել ես պետությանը, դու դատարանի առաջ չես կանգնում։ Եթե չլինի այդ պատրաստակամությունը և համագործակցության ցանկությունը, ես չեմ բացառում, որ գործերը կհասնեն նաև դատարաններ, ու կլինեն նաև ազատազրկման դրսևորումներ։ Կարծում եմ՝ ՀՀ հասարակությունը շատ հետաքրքիր հասարակություն է, մարդիկ կարողանում են հաշվարկել բոլոր վտանգները և սպառնալիքները նախօրոք ու անում են այնպիսի քայլեր, որ չխորացնեն իրենց վիճակը։ Կարծում եմ՝ դա բնորոշ կլինի նաև մեծամասնությանը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս