Բաժիններ՝

«Միակողմանի դատելը, կարծում եմ, ճիշտ որոշման չի հանգեցնի». Ատոմ Ջանջուղազյանը՝ հարկերից խուսափող տնտեսվարողների մասին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը չի բացառում տարբեր հարկատեսակների մասով դրույքաչափերի վերանայում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա հավանական համարեց դա՝ նշելով, որ այն պետք է դառնա քննարկման թեմա:

Պատասխանելով հարցին, արդյոք հարկային խիստ օրենսդրության պատճառով չէ՞, որ տնտեսավարողները խուսափում են հարկերից, Ատոմ Ջանջուղազյանն ասաց.

«Չեմ կարծում, որ դա կարելի է պնդել, բայց որ պետք է քննարկել, միանշանակ է: Պետք է փորձենք վեր հանել այն պատճառները, որոնք հանգեցրել են այդ վիճակին: Այստեղ միակողմանի դատելը, կարծում եմ, ճիշտ որոշման չի հանգեցնի: Պետք է հավասարակշռված ու ճիշտ որոշումներով առաջ գնալ»:

Նրա դիտարկմամբ՝ միշտ էլ կա պարադոքսը՝ գնորդն ուզում է էժան գնով ձեռք բերել ապրանքներ, վաճառողը՝ թանկ վաճառել, հարկ վճարողը ցանկանում է քիչ հարկեր վճարել, հարկ հավաքողն ուզում է շատ հավաքել: «Պետք է բոլորս միասին ճիշտ փոխզիջում գտնենք: Կարևոր է վստահության բաղադրիչը, եթե բոլորս գանք այդ փոխզիջմանը որպես ամենաճիշտ լուծում, այսքան մտահոգված ու կասկածամիտ չենք լինի»,-ավելացրեց պաշտոնյան:

Այսինքն՝ «ակնկալենք հարկային դրույքաչափերի նվազեցում» հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց.

«Ակնկալենք: Քննարկումների արդյունքում ամեն ինչ հնարավոր է ակնկալել, մենք նախկինում էլ ունեցել ենք քննարկումներ, տարբերակներից մեկն էլ այն էր, որ վերանայվեն ուղղակի հարկերի դրույքաչափերը, բայց այստեղ պետք է համալիր գնահատականներ տրվեն: Հավատացած եղեք, որ ուղղակի հարկերի դրույքաչափերի նվազեցումը գոնե կարճաժամկետ հատվածում հանգեցնելու է բյուջեի եկամուտների նվազեցման, իսկ մենք մյուս կողմից բյուջեով պարտավորություններ ունենք օրենքներով ստանձնած»:

Ինչ վերաբերում է ստվերից եկած եկամուտներին, ապա, ըստ Ջանջուղազյանի, եթե այն լինի միանվագ, դրա հիման վրա հնարավոր չի լինի երկարաժամկետ պարտավորություն ստանձնել:

«Այդ դեպքում կքննարկենք անուղղակի հարկերի դրույքաչափերի վերանայման ճանապարհով բյուջեի հնարավոր ճեղքը փակելու եղանակը: Բայց դեռ վաղ է այդ մասին խոսելը: Ես հիմա մոտեցումն եմ ներկայացնում: Տրամաբանությունն այն է, որ ուղղակի հարկերի դրույքաչափերի նվազեցումը թույլ կտա ավելի շատ տնօրինվող եկամուտներ ունենալ, որոնք ներդրումների ու խնայողությունների վրա կազդեն»,-եզրափակեց պաշտոնյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս