«Հազիվ ընկել ենք Ալեքսանյանի ետևից». Սերգեյ Դանիելյան
«Ես պաշտոնի մարդ չեմ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք առաջարկի դեպքում որևէ պաշտոն կզբաղեցնի՞:
«Ես չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարելի է արթնանալ, կոստյումը հագնել, գնալ գործի: Դա իմը չէ: Ես պիտի ազատ լինեմ: Ես պատասխանատվություն կրում եմ միայն ինձ համար: Ես հազիվ իմ ընտանիքն եմ ղեկավարում: Հազիվ երեխեքս են ինձ լսում ու կնիկս: Ո՞ւմ ասեմ՝ այսպես է պետք կամ այնպես է պետք: Ու միշտ չէ, որ լսում են: Ասեմ միանգամից, դարդս պատմեմ»,- կատակեց դերասանը:
Սերգեյ Դանիելյանն ասաց, որ մի քանի առաջարկ ունի մշակույթի նախարարին: «Մենք այդքան պետական թատրոնի կարիք չունենք: Դա շատ մեծ ճոխություն է: Փոքր երկիր, քարտեզի վրա չի երևում, բայց 12 պետական թատրոն միայն Երևանում կա: Հազիվ ընկել ենք Ալեքսանյանի ետևից: Լավ է, նորմալ է, որ ընկել են հետևից, բայց այստեղ էլ խնդիրներ կան: Պետական դոտացիաները պետք է վերանայվեն:
Մեկենասի ինստիտուտը պետք է զարգանա, որ մարդիկ հարկերից ազատվեն, բայց որևէ թատրոն հովանավորեն: Պետությունը կթու կով չէ, որ ամեն տեղից ասեն՝ դե դավայ, մեզ աշխատավարձ տվեք: Դերասաններ կան՝ տարիներով, դարերով բեմ դուրս չեն եկել, աշխատավարձ են ստանում:
Նույնն բանն է, ի՞նչ տարբերություն՝ «Սիթի»-ում ՀԴՄ չե՞ս խփում, թե՞ հենց այնպես աշխատավարձ ես ստանում: Սովետից եկած, փտած սիստեմն է՝ մեզ տվեք փող, մենք հանճարեղ ներկայացում կանենք: Չեմ հավատում, որովհետև հանճարեղ ներկայացում առանց փող էլ կարելի է անել»:
Սերգեյ Դանիելյանը նշեց՝ մենք սխալ ենք դաստիարակվել՝ պետությանը պետք է փող տալ. «Պետությունը նրա համար է, որ փող տաս, որ հետո նա քեզ բուժի, ապահովի տրանսպորտը, բարեկեցիկ կյանքդ, անվտանգությունդ, բանակդ: Դրա համար պետք է փող տաս, ոչ թե ասես՝ բոլորից փողը հանեք, մի քիչ տվեք ինձ, ես պիտի ներկայացում անեմ: Իյա, լավ է, թե չէ որ չէիր արել, չէի՞նք ապրում»: