
Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի շինաշխատանքներում ի հայտ են եկել կոռուպցիոն գործընթացներ

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի շինաշխատանքներում, որոնք իրականացնում է չինական ընկերությունը, ի հայտ են եկել կոռուպցիոն գործընթացներ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Խնդիրը բավականին խորն է, մեզ առաջարկվող լուծումներից մեկն այդ ընկերության հետ համագործակցության կասեցումն է: Բայց չեմ կարծում, որ դա լուծում է, կան կոռուպցիոն խնդիրներ ևս, պետք է մանրամասն քննարկվի խնդիրը և համապարփակ լուծում գտնվի: ՊԵԿ-ի և ոստիկանության հետ պետք է խորանանք այս խնդրի մեջ»,- ասաց փոխվարչապետը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այստեղ պետք է առավելագույնս արագ լուծումներ գտնել: «Ի վերջո, այդ ճանապարհի կառուցումը տեղապտույտի մեջ է: Ճանապարհի կառուցումը սերտորեն պայմանավորում է Իրանի ու Վրաստանի հետ մեր հարաբերությունների զարգացումը, պետք է արագ աշխատենք, որպեսզի Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցումը վերսկսվի»,- ասաց Փաշինյանը: