Չինաստանը կիջեցնի գրեթե մեկուկես հազար ապրանքների ներկրման մաքսերը

Չինաստանի իշխանությունները որոշել են հուլիսի 1-ից իջեցնել ժողովրդական սպառման 1,4 հազար ապրանքների ներմուծման մաքսերը, սակագների միջին մակարդակը 15,5 տոկոսից կկրճատվի մինչեւ 6,9 տոկոս: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի Պետխորհրդի հրապարակած փաստաթղթում:

Իջեցումը կվերաբերի լայն սպառման ապրանքներին՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ստանդարտներով առեւտրի բնագավառում այսպես կոչված առավել բարենպաստման ռեժիմի (MFN) շրջանակներում:

Նշվում է, որ մաքսերի իջեցումը նպաստավոր է Չինաստանի բացության քաղաքականության առաջմղման համար եւ կարեւոր միջոցառումներից մեկն է Չինաստանի շուկա արտասահմանյան ապրանքների համար՝ Պեկինի խոստացած մուտքի հեշտացման իրագործման հարցում:

Իջեցումը տեղի է ունենում Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրական հակամարտության սրման ֆոնին այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հայտնեց, որ ԱՄՆ-ը հունիսի 15-ից կհայտարարի Չինաստանից ներմուծվող այն ապրանքների վերջնական ցուցակը, որոնք ենթակա են 25 տոկոս մաքսով հարկման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս