ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն առևտրական պատերազմի եզրին են
ԱՄՆ-ը Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի դաշնակից երկրներից պողպատի եւ ալյումինի ներմուծման նոր մաքսեր է սահմանում: ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը հայտարարել է, որ Վաշինգտոնի ժամանակով հունիսի 1-ի կեսգիշերից (Երեւանի ժամանակով առավոտյան ժամն 8-ից) նոր սակագները մտնում են ուժի մեջ։
Խոսքը վերաբերում է Եվրամիության երկրներից, Կանադայից եւ Մեքսիկայից ներմուծվող պողպատի 25-տոկոսանոց եւ ներմուծվող ալյումինի 10-տոկոսանոց մաքսին: Բոլոր նշված երկրներն արդեն հայտարարել են, որ հակամիջոցներ կձեռնարկեն ամերիկյան տնտեսության առանձին ճյուղերի դեմ: Եվրամիության ներկայացուցիչը Վաշինգտոնի որոշումը համարել է «սովորական հովանավորություն»:
Թրամփի վարչակազմը հաստատակամորեն մտադիր է զիջումների հասնել իր առեւտրական գործընկերներից եւ պատրաստ է ըստ որում գործելու մարտականորեն: Նախագահը գտնում է, որ էժան ներմուծված մետաղը վնաս է պատճառում ամերիկյան ընկերություններին եւ Ամերիկայում սպառնում աշխատատեղերին: Իր նախընտրական արշավի ընթացքում նա մշտապես խոստանում էր հասնելու ավելի շահավետ համաձայնությունների, եւ, դատելով ըստ ամենայնի, Թրամփը պատրաստ է առեւտրական պատերազմ սկսել իր նպատակներին հասնելու համար: Ոչ մի կասկած չկա, որ ԵՄ-ն եւ Մեքսիկան պատրաստ են ձեռնարկելու պատասխան միջոցներ, իսկ Կանադան արդեն ակնարկել է, որ կարող է միանալ նրանց:
Ֆրանսիայի առեւտրի փոխնախարար Ժան Բատիստ Լեմուանն ասել է, որ հունիսի կեսերին Եվրամիությունը պետք է որոշի, թե հատկապես կոնկրետ ինչ հակամիջոցներ պետք է ձեռնարկել: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ ԵՄ-ն այլ ընտրություն չունի, բացի գանգատով Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը դիմելուց, ինչպես նաեւ ամերիկյան ապրանքների գները բաձրացնելուց: Ավելի վաղ ԵՄ-ի ներկայացուցիչներն ասել են, որ նման ապրանքների ցուցակ կարող են մտնել վիսկին, ջինսը եւ լոռամրգին:
Կանադան հայտարարել է, որ 25-տոկոսանոց սակագներ կսահմանի ամերիկյան պողպատի որոշ տեսակների եւ 10-տոկոսանոց սակագներ՝ այլ արտադրանքի, այդ թվում՝ յոգուրտի եւ վիսկիի համար: Մեքսիկայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ պլանավորում է սակագներ սահմանել ամերիկյան խոզի մսի, պողպատի, խնձորի, խաղողի, կապույտ հապալասի եւ պանրի համար, եւ որ այդ սակագներն ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի վերացնի իր նոր մաքսերը: