Բաժիններ՝

«Այսուհետ էլ արվելու է հնարավոր ամեն բան, որպեսզի դուք ապրեք անհոգ ու երջանիկ». Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ երեխաներ,

Այսօր ձեր տոնն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ես ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին այս ուրախ ու հրաշալի տոնի կապակցությամբ:

Արցախում իրականացվում են տարբեր ծրագրեր՝ ուղղված ձեր առողջության ու կրթության հետ կապված խնդիրների լուծմանը, կառուցվում ու վերանորոգվում են հիվանդանոցները, դպրոցներն ու մանկապարտեզները, մարզական ու մշակույթի օջախները, այգիներն ու պուրակները:

Այսուհետ էլ արվելու է հնարավոր ամեն բան, որպեսզի դուք ապրեք անհոգ ու երջանիկ, ապահով ու բարեկեցիկ, որպեսզի ձեր մանկությունը լինի խաղաղ ու անամպ, լի ամենավառ գույներով ու թանկ հիշողություններով:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ, թանկագի՛ն փոքրիկներ, եւ մաղթում քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր ամբողջ կյանքի ճանապարհին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս