«Անգնահատելի է հեռուստատեսության աշխատանքն Արցախյան պատերազմի տարիներին». Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հեռուստատեսության 30-ամյակի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Արցախի հեռուստատեսության հարգելի՛ աշխատակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Արցախի հեռուստատեսության 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Սա նշանակալի իրադարձություն է հանրապետության կյանքում։
Արցախի հեռուստատեսությունը մեր ազգային-ազատագրական շարժման հասակակիցն է:
Այն ծնունդ է առել հենց 1988-ին, երբ զարթոնք էր ապրում հայ ժողովրդի ազգային ոգին, նրա պայքարը՝ հանուն հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, հանուն մեր երեխաների հայեցի դաստիարակության եւ նրանց պայծառ ու հուսալի ապագայի։
Եվ այդ գործում ուրույն դերակատարություն ունեցավ Արցախի հեռուստատեսությունը:
Անգնահատելի է հեռուստատեսության աշխատանքն Արցախյան պատերազմի տարիներին: Առաջնագծում կանգնած զինվորների հետ միասին լրագրողները մարտնչել են մեր ժողովրդի ազատության ու անկախության համար: Մենք միշտ հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն հայրենիքի: Հավե՜րժ փառք մեր նվիրյալներին:
Ես խորին երախտագիտություն եմ հայտնում հեռուստատեսության վետերաններին, ովքեր կանգնած են եղել նրա կայացման ու զարգացման ակունքներում, իրենց ներդրումն են ունեցել բարի ավանդույթների ձեւավորման եւ դրանք երիտասարդ սերնդին փոխանցելու գործում, եւ նրանց, ովքեր այսօր էլ իրենց արհեստավարժ ու անձնվեր գործունեությամբ անում են հնարավորը, որպեսզի մենք ունենանք բարձր որակի եւ արդիական հեռուստատեսություն։
Ձեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ մեր քաղաքացիներն Արցախի տարբեր անկյուններում կարողանում են հաղորդակից լինել հանրապետության առօրյային եւ աշխարհաքաղաքական իրադարձություններին։
Հեռուստատեսության միջոցով Արցախի կյանքը, երկրում տեղի ունեցող զարգացումները ներկայացվում են նաեւ մայր Հայաստանում, սփյուռքում եւ արտերկրում, ինչը շատ կարեւոր է մեր եռամիասնության ամրապնդման, արտաքին աշխարհին Արցախի մասին բազմակողմանի տեղեկատվություն ներկայացնելու եւ մեր երկիրը ճանաչելի դարձնելու տեսանկյուններից:
Հարգելի՛ բարեկամներ,
Այսօր էլ հեռուստատեսության առջեւ ծառացած են բարդ ու կարեւորագույն խնդիրներ: Դրանց լուծումը պահանջում է աշխատանքների, մոտեցումների ու տեսլականի մշտական կատարելագործում եւ բարելավում՝ ժամանակակից պահանջներին համապատասխան:
Վստահ եմ, որ դուք կանեք հնարավորը՝ ձեր չափազանց պատասխանատու ու հայրենանվեր առաքելությունն արդյունավետորեն իրականացնելու ուղղությամբ:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ հիշարժան հոբելյանի կապակցությամբ եւ մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ՝ ի նպաստ մեր հայրենիքի ու ժողովրդի»։