Էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել հնարավոր է, պարզապես ցանկություն է պետք. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկումներ են սկսել՝ հասկանալու համար, թե էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում հնարավո՞ր է, թե՞ ոչ: Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ սակագնի բարձրացում միանշանակ չի լինի, բայց. «Հնարավոր է ամեն ինչ մնա նույնը, սակայն հնարավոր է նաեւ փոփոխություն լինի»,– ասել էր նախարարը:
Ամենաքիչը 10 դրամով էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է իջեցնել
Էներգետիկայի փորձագետ Էմիլ Սահակյանը, ով էներգետիկայի ոլորտում երկար տարիների փորձ ունի, կարծում է, որ էլեկտրաէներգիայի սակագինը ոչ միայն հարկավոր է կամ կարելի է, այլեւ միանշանակ հնարավոր է իջեցնել առնվազն 10 դրամով:
Նախ պետք է «հստակեցնել», թե իրականում ինչ բաղադրիչներով է հաշվարկվում էլեկտրաէներգիայի սակագինը, եւ երկրորդ՝ հարկավոր է համապատասխան ուշադրություն դարձնել էլեկտրաէներգիայի սակագնի բաղադրամասերի վրա: «Մի քանի ակնառու գործոններ կան, որոնք միանշանակ պետք է փոխվեն: Առաջինը փոքր ՀԷԿ–երն են, որոնք ներկայում արտադրում են սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 15 %–ը: Դրանք բավականին բացասական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա, իսկ դրանց արտադրած էլեկտրաէներգիայի սակագինն ավել ի բարձր է, քան ջերմաէլեկտրակայանի կողմից արտադրածինը:
Համոզված եմ, որ ՀԷԿ– երի սակագների հաստատման ժամանակ կոռուպցիայի դերը շատ մեծ է եղել, քանի որ ջրով արտադրված էլեկտրաէներգիայի սակագինը չի կարող ջերմաէլեկտրակայանի կամ ատոմակայանի կողմից արտադրած սակագնից ավելի բարձր լինել»,– համոզված է փորձագետը:
Ի դեպ, ջերմաէլեկտրակայանի կողմից արտադրած 1 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը 25 դրամ է, իսկ փոքր ՀԷԿ-երինը՝ տատանվում է 30–ից 35 դրամի սահմաններում: Փորձագետի կարծիքով, ամենաքիչը 10 դրամով կարելի է իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ վերանայելով նաեւ հետգնման ժամանակահատվածի առաջացրած պրոբլեմները: «Հետգնման ժամանակահատվածը նույնպես վերանայման կարիք ունի: Կարելի է այդ ժամկետը երկարացնել, ինչը թույլ կտա ավելի շատ իջեցնել արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը: Եվ սա է հանձնաժողովի կողմից ներկայացվող միակ «ամենալուրջ» պատճառաբանությունը, որի հիման վրա էլ ուռճացվում է փոքր ՀԷԿ–երի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը:
Փոքր ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը ամոթալի չափով է ուռճացվել, ուստի ես կարծում եմ, որ այստեղ եւս կոռուպցիայի բավականին մեծ աղբյուր կա, որը պետք է վերացնել»,- ասաց փորձագետը: Ի դեպ, նշված հետգնման ժամանակահատվածն այն ժամկետն է, որի ընթացքում ՀԷԿ–ի կառուցման վրա ծախսած գումարը պետք է հետ ստացվի:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: