«Այս հարցում լինելու է առավելագույն խիստ դիրքորոշում. կոռուպցիայի ցանկացած դրսևորում պետք է բացառվի». Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպել են նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտի առաջնահերթություններին և հրատապ խնդիրներին:

Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ տնօրենները նախարարությանը կարող են դիտարկել բացառապես որպես գործընկեր:

«Բայց նման գործընկերություն պետք է լինի նաև ձեր կողմից, որպեսզի կարողանանք համատեղ ուժերով լուծել բոլոր խնդիրները: Վերջին շրջանում ինձ հասնում են կոռուպցիոն դեպքերի մասին որոշ ահազանգեր առ այն, որ իրականացվում է դիպլոմների վաճառք, գոյություն չունեցող ուսանողներին տրվում են ավարտական վկայականներ և այլն: Այս խնդիրները դեռևս խորությամբ չեմ ուսումնասիրել և հուսով եմ, որ գոյություն չունեն նման երևույթներ:

Խնդրի բացակայության դեպքում առավել արդյունավետ կաշխատենք, իսկ եթե այն գոյություն ունի, ապա պետք է այն արագ լուծում ստանա,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ՄԿՈՒ ոլորտում առկա են նաև օրենսդրության հետ կապված խնդիրներ, որոնց հնարավորինս կարճ ժամկետում լուծում կտրվի, որպեսզի ոլորտը չտուժի:

«ՄԿՈՒ-ն անչափ կարևոր ոլորտ է. մասնավորապես որոշակի առկա խնդիրների պատճառով աշխատաշուկայի հարցը փորձ է արվում լուծել բուհերի միջոցով, որի հետևանքով ո՛չ աշխատաշուկան է բավարար վիճակում, ո՛չ ուսհաստատություններն են զարգանում, ո՛չ էլ ուսանողներն են համապատասխան գիտելիքներ ստանում: Դրա համար պետք է այնպես անել, որ ոլորտն արագ արդյունքներ գրանցի: ՏՏ մասնագետները, օրինակ, ասում են, որ ՄԿՈՒ հաստատությունների միջոցով կարճ ժամանակում կարելի է բավարարել մի քանի հազար մասնագետի պահանջարկը, որն այսօր առկա է աշխատաշուկայում, իսկ սա բավականին մեծ թիվ է: Բացի այդ՝ մի քանի գերատեսչություններ ևս մեծ հույսեր են կապում այս ոլորտի հետ, ավելին՝ առաջարկում Կառավարության ծրագրում ներառել որոշակի լուծումներ»,- նշել է նախարարը:

Արայիկ Հարությունյանը կարևորել է նաև պետական որոկավորման քննությունների պատշաճ կազմակերպման հարցը:

«Այս հարցում լինելու է առավելագույն խիստ դիրքորոշում. կոռուպցիայի ցանկացած դրսևորում պետք է բացառվի, որի վերաբերյալ օրերս քննարկում եմ ունեցել նաև իրավապահ մարմինների հետ: Այս հարցում ապավինում եմ ձեր համագործակցությանը. պետք է ոլորտն իսպառ մաքրել հնարավոր կոռուպցիոն մեխանիզմներից և հրատապ լուծումներ գտնել: Եթե այս խնդրում հաջողենք, ապա սա մեծ քայլ կլինի այս ոլորտում, մնացած բոլոր հարցերն աստիճանաբար լուծում կստանան»,-ընդգծել է նախարարը:

Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև տնօրենների հարցերին, որոնք, մասնավորապես վերաբերել են ուսհաստատությունների խոշորացմանը, սովորողների տեղափոխման կարգում փոփոխությունների կատարմանը, անվճար և վճարովի տեղերի տրամադրմանը և այլ խնդիրների:

Նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների տնօրենները ոլորտային խնդիրների վերաբերյալ հանդես են եկել մի շարք առաջարկություններով:

Տեսանյութեր

Լրահոս