Վթար գնացքի գծերի մոտ. կան տուժածներ, վարորդին դուրս են բերել
Մայիսի 29-ին՝ ժամը 23:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գնացքի գծերի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 5-րդ կմ-ին բախվել են «УАЗ» մակնիշի (վարորդը՝ Յ. Հ., ծնված 1965 թ.) և «Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Ն. Ա., ծնված 1979 թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել քաղաքացիների ուժերով և հոսպիտալացվել Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն:
Փրկարարները «УАЗ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «УАЗ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: