
Թուրքիան կարող է ԱՄՆ-ի դեմ միջոցներ ձեռնարկել իրեն F-35-երի մատակարարումից հրաժարվելու դեպքում

Թուրքիան կարող է պատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, եթե Վաշինգտոնը հրաժարվի Անկարային հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ մատակարարելուց: Նման հնարավորության մասին մայիսի 25-ին հայտարարել է հանրապետության ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը:
«Եթե նման քայլեր արվեն, ապա մենք հարկադրված կլինենք դրանց պատասխանել»,- ասել է նա՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով այն նորությունը, որ ԱՄՆ-ի Կոնգրեսում ցանկանում են Թուրքիային ամերիկյան զենքի մատակարարումներն արգելել ռուսական C-400 գնելու պատճառով: Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Պենտագոնի բյուջեի մասին օրինագիծ է ընդունել 2019 ֆինանսական տարվա համար:
Այն պաշտպանության նախարարին զրկում է Թուրքիային ամերիկյան զենքի մատակարարմանը հավանություն տալու հնարավորությունից, առանց Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնման վերաբերյալ հատուկ զեկույցի տրամադրման: Թուրքիան ավելի վաղ հայտարարել է ավելի քան հարյուր F-35A կործանիչ գնելու մտադրության մասին: Ամերիկացի օրենսդիրների կողմից առաջարկվող միջոցը կարող է լրջորեն խանգարել այդ պարտավորագրին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: