
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջուզեպե Գալատիին և Յուլիա Լովոչկինային:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ընթացիկ և նախատեսվող միջոցառումները:
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Հայաստանի պաշտպանական գերատեսչության և ԵԽԽՎ-ի միջև առկա համագործակցությունը` կարևորելով ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների, սոցիալական արդարության, ժամկետային զինծառայողների և նրանց ծնողների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև սպաների և պայմանագրային զինծառայողների վերապատրաստումների շարունակականությունը: