
Volkswagen-ն անվարորդ ավտոմեքենա կստեղծի Apple-ի աշխատակիցների համար. NYT

Apple կորպորացիան Գերմանիայի Volkswagen ավտոկոնցեռնի հետ համաձայնագիր է կնքել իր աշխատակիցների համար անվարորդ ավտոմոբիլի ստեղծման վերաբերյալ: Մայիսի 23-ին այս մասին հայտնել է The New York Times թերթը: Թերթի տվյալներով՝ խոսքը վերաբերում է Volkswagen-ի արտադրության T6 Transporter մինիվենի վերասարքավորմանն ինքնկառավարվող շաթլի, որից կօգտվեն Apple-ի աշխատակիցները:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ընկերությունը հանդես է եկել հավակնոտ պլաններով՝ փորձելով այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են BMW-ն եւ Mercedes-Benz-ը, համաձայնության գալ լիովին ինքնակառավարվող էլեկտրամոբիլների առեւտրային շարքի ստեղծման շուրջը:
Սակայն այդ բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել ամենից առաջ Apple-ի չափից դուրս մեծ պահանջների պատճառով, որը պնդում էր իրեն հանձնել ապագա ավտոմեքենաների դիզայնի եւ տեխնոլոգիական բաղադրիչի նկատմամբ լիակատար վերահսկողությունը, գրում է թերթը:
Իսկ այժմ Apple-ը հրաժարվել է նախկին պլաններից՝ կենտրոնանալով անվարորդ շաթլի ստեղծման վրա, որը կկարողանա փոխադրել կորպորացիայի աշխատակիցներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: