Բաժիններ՝

«Տպավորություններս դրական են, աշխատանքային». գործարարները կրկին կհանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ

«Տպավորություններս դրական են, աշխատանքային, հույս ներշնչող` համատեղ աշխատանքի և բարեփոխումների տնտեսական ոլորտում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «Ապավեն» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը` խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մի խումբ գործարարների հանդիպման մասին:

Նա նշեց, որ սկզբունքորեն չի ուզում ոչինչ ասել հանդիպման ժամանակ քննարկված հարցերի մասին.

«Ուղղակի շատ բավարարված եմ որպես միության նախագահ»:

Թե նախկինի համեմատ ի՞նչն է փոխվելու գործարարների աշխատանքում, Ա.Ղազարյանը նույնպես չցանկացավ ասել. «Չեմ կարող ասել»:

Նա տեղեկացրեց միայն, որ վարչապետի հետ պայմանավորվել են միության նախագահության ֆորմատով մոտակա 7-10 օրը հանդիպում անցկացնել, որի ժամանակ գործարարները հանդես կգան առարկայական առաջարկներով:

Հիշեցնենք, որ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Հայաստանի մի խումբ օլիգարխների և խոշոր գործարարների հետ, այդ թվում` Սամվել Ալեքսանյանի, Արտակ Սարգսյանի, Արման Սահակյանի (Նեմիրոֆի Արման), «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի, «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի, «Ջերմուկ գրուպի» Աշոտ Արսենյանի, Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ), և ՀԱԳՄ նախագահ, «Ապավեն» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանի։

Ըստ տարածված լուրերի` վարչապետը շեշտել է, որ այսուհետ բոլորը, առանց բացառության, պետք է գործեն հարկային դաշտում, որ ինքը չի ակնկալում որևէ մեկից բարեգործություն, որևէ ոլորտի ֆինանսավորում և չի հանդուրժելու, որ ինչ-որ մեկը բարեգործության անվան տակ ազատվի հարկային պարտավորություններից, նշել է, որ պետք է վերացնել մոնոպոլիաները և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս