ՀՅԴ-ն մարզպետների պաշտոններ ստանալու քննարկումներ է վարում
Նիկոլ Փաշինյանն ինքն է նաև ցանկություն հայտնել, որ կառավարությունը ձևավորվի ՀՅԴ մասնակցությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` նշելով, որ իրենք դա նորմալ են համարել և որևէ սակարկություն չեն արել պորտֆելների կամ այլ հարցերի հետ կապված:
Ըստ նրա` ՀՅԴ-ն մինչև մայիսի 1-ը` Նիկոլ Փաշինյանի առաջին առաջադրումը, հանդիպել է նրա հետ, քննարկել առաջնահերթությունները և համաձայնության են եկել հիմնական ռազմավարական հարցերի շուրջ:
«Այն օրակարգը, որ ունեինք, դա հաստատվեց Փաշինյանի հետ հանդիպումներում և մենք այս օրակարգի պաշտպանն ենք եղել` անկախ նրանից, թե մենք որ կոալիցիայի կամ կառավարության մեջ ենք եղել: Ըստ էության` օրակարգը չի փոխվել»,- ասաց Ա.Ռուստամյանը:
Նա նշեց, որ ներկայումս քննարկումներ են ընթանում մարզպետների հետ կապված և հնարավոր է, որ ՀՅԴ-ն մարզպետների պաշտոններ զբաղեցնի:
168.am-ի հարցին ՀՅԴ-ն քանի՞ մարզպետի աթոռի է հավակնում, Ա.Ռուստամյանն պատասխանեց. «Մենք թվի հետ կապված խնդիր չենք դրել: Մենք շատ լուրջ պատասխանատվություն ենք տեսնում այս նոր ստեղծված իրավիճակում, և այդտեղ քանի պաշտոն կունենանք, դա մեր համար էական չի եղել, նախապես էլ հայտարարել ենք»:
Նա կարևորեց ոչ թե ինքնանպատակ պաշտոնների բաշխումը, այլ ճիշտ նշանակումների կատարումը. «Կադրային քաղաքականությունն ամենակարևոր ցուցանիշն է, թե ինչքանով է մեր երկիրն արդյունավետ կառավարվում»: