Միհրան Պողոսյանը՝ իր օգնականի ձերբակալման մասին
«Ես կարող եմ երաշախավորել միայն ինձ համար: Ես հորդորում եմ համապատասխան մարմիններին, որ իրենք անաչառ լինեն և որոշակի վենդետաներ, որոշակի քայլեր, որ հիմնավորված չեն լինելու, որ հետագայում պարզվելու է այդ քայլերը հիմք չեն ունեցել, չանեն: Վերջիվերջո, ամեն ինչ պարզվելու է, վերջիվերջո ամեն ինչ ճշտվելու է և մենք ներկայացնելու ենք համապատասխան հիմքեր, թե այդ երիտասարդը որտեղ է եղել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը` մեկնաբանելով իր օգնականի ձերբակալումը:
Ըստ նրա` 1-2 օրից որոշակի ինֆորմացիա կլինի: Մ.Պողոսյանը դեմ արտահատվեց որոշակի ուժի կիրառմանը, որը որոշակի օղակներում ՀՀ-ում եղել է, բայց ոչ ոք իրավունք չունի գնահատականներ տալ այն գործընթացին, որը պարզաբանված չի:
«Իմ խորին համոզմամբ ինքը նման բան չի արել, բայց ես չեմ կարող երաշխավորել»,- ասաց Մ.Պողոսյանը:
Նշենք, որ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացրել են, որ Երևանի Կ.Ուլնեցի փողոցում տեղի ունեցած բռնությունների գործով մեկ անձ է ձերբակալվել։
Ըստ աղբյուրի, Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է կասկածյալներից մեկի ինքնությունը, ով ձերբակալվել է։
Ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում ապրիլի 21-ին մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երեւանի բնակիչ 1988 թվականին ծնված Ա. Իսոյանն է։ Վերջինս ձերբակալվել է՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով։
Aysor.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Իսոյանը ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականն է՝ Անդրանիկ Իսոյանը։