Լինելու ենք կառուցողական ընդդիմություն, արհեստականորեն չենք խոչընդոտելու կառավարության աշխատանքը. Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնում, որ թե՛ կառավարությունը և թե՛ ընդդիմությունը կգործեն բացառապես ՀՀ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի պետական ու ազգային շահերից ելնելով: «Այո, կա նոր իրողություն. մենք լինելու ենք կառուցողական ընդդիմություն, արհեստականորեն չենք խոչընդոտելու կառավարության աշխատանքը, բայց կան մի շարք ծրագրային կետեր, որոնք նույնիսկ քննարկման և սակարկման ենթական չեն մեզ համար, դրանք են. Ժողովրդավարության, քաղաքական բազմակարծության և այլակարծության զարգացումը», – ԱԺ հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ բոլոր թերություններով հանդերձ, մեր կառավարման շրջանում դրանք զարգացել են, և նոր իշխանություններին չէր խանգարի այլակարծության, բազմակարծության և հանդուրժողականության հարցերում ընդօրինակել այդ մոտեցումը: Ըստ Շարմազանովի, այլակարծության բացակայությունն ու մերժումը ուղիղ ճանապարհ է դեպի դիկտատուրա:

«Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը քննարկման ենթակա չէ: Սա ոչ թե տարածքային հակամարտություն է Ադրբեջանի և Հայաստանի միջև, այլ ինքնորոշման իրավունքի և ազատության պայքար, որտեղ Հայաստանը հանդես է գալիս ոչ թե որպես Ադրբեջանի հետ հակամարտության կողմ, այլ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր:Ազգային անվտանգության և բանակաշինության խնդիրները առաջնային են մեզ համար: Իմ խորին համոզմամբ մի կողմից իրական ժողովրդավարական, մյուս կողմից իրական ազգային ավանդական և քրիստոնեական արժեքները ոչ թե հակադրելի են, այլ համադրելի: Մենք շարունակելու ենք աջակցել և արժևորել ավանդական ազգային ընտանեկան արժեքները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ միևնույն ժամանակ հարգելով դիմացինի մշակույթն ու ազգային ավանդույթները: Տնտեսության դիվերսիֆիկացում և տնտեսական աճի տեմպերի պահպանում և զարգացում: Հիշեցնեմ, որ մեր կառավարությունը նոր կառավարությանը փոխանցել է առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ ունեցող երկիր: Եվ ակնկալում ենք նոր կառավարությունից ոչ պակաս քան նման զարգացման տեմպերի ապահովում:Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին պետք է պահպանվի և խորացվի: Արձանագրենք, որ շատ կարճ ժամանակում նորանշանակ վարչապետը փոխեց և սրբագրեց իր նախկին դիրքորոշումը և ընդունեց, որ այդ կառույցներին անդամակցումը ոչ միայն չի սպառնում մեր անվտանգությանը, ինչպես ինքն էր նշում նախկինում, այլ ընդհակառակը: Եվ վերջապես, մենք որպես ազգային պահպանողական քաղաքական ուժ, որի համար ազգային ու քրիստոնեական արժեքները առանցքային են, շարունակելու ենք գործել բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ժողովրդի`լինելով կառավարության գործընկերը, բայց ոչ երբեք կցորդը»,- ասել է Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս