ՄԻՊ-ը նյութերն ուղարկել է ՀՔԾ, Դատախազություն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը «թավշյա հեղափոխության» օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով` շուրջօրյա` գիշերային հերթապահությամբ: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը, իրենք բազմաթիվ խախտումներ են արձանագրել։

«Եղել են հավաքների մասնակիցների իրավունքների խախտումներ, դրանք մենք արձանագրել ենք, ամփոփել ենք: Այդ օրերի աշխատանքը ցույց տվեց, որ իրավունքների ապահովման առումով հիմնական խնդիրը հենց հավաքների վայրում էր` մասնակիցների իրավունքների հետ կապված։ Խոսքը վերաբերում է հենց բերման ենթարկվելուն, խնդիրներ ենք արձանագրել իրազեկման աշխատանքների հետ կապված։ Քաղաքացու համար պետք է մշտապես կանխատեսելի լինի պետական մարմնի վարքագիծը և իր գործողությունը շարունակելու դեպքում դրա պատասխանատվությունը: Մենք արձանագրել ենք խնդիրներ` կապված ոստիկանական բաժիններում անձի իրավունքների ապահովման հետ»,- ասաց Ա.Թաթոյանը:

Նա նշեց, որ այդ օրերին արձանագրված շատ մտահոգիչ երևույթը` սոցցանցերում անհանդուրժողականությունը, մինչ օրս էլ շարունակվում է` առանձին դեպքերում հասնելով ատելության և բռնության քարոզի. «Ես բարձր եմ գնահատում բոլոր կոչերը, ջանքերը, որոնք ուղղված են այդ մթնոլորտը նվազեցնելուն»։

ՄԻՊ-ի խոսքով` բոլոր նյութերն ուղարկվել են քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն, Ոստիկանություն և Դատախազություն, և արդյունքները գալուն պես կդիտարկվի արտահերթ զեկույցի հարցը։

Անդրադառնալով խաղաղ ցույցերի օրերին փողոցները փակելու պատճառով այլ քաղաքացիների իրավունքների սահմանափակմանը, Ա.Թաթոյանը նշեց, որ խաղաղ հավաքի իրավունքը կարող է հանգեցնել իրավունքների սահմանափակումների. «Դա նորմալ է: Եվ խնդիրը նրանում է, որ հասարակությունը պետք է հանդուրժող լինի դրան»:

Տեսանյութեր

Լրահոս