«Դա ինքնախաբեություն է, այլևս վերադարձ անցյալին չի կարող լինել». Ալեն Սիմոնյան

«Մեզ համար «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնում նախընտրելի թեկնածուն Լենա Նազարյանն է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության նորընտիր պատգամավոր Ալեն Սիմոնյանը` հավելելով, որ առաջիկա քննարկումների արդյունքում որոշում կկայացվի:

Ըստ նրա` «Ելքի» գործընկերների հետ տարաձայնություններ միշտ եղել են, բայց իրենք կարողացել են դրանք լուծել:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն կարծես փորձ է անում հնարավորինս հետաձգել կամ խափանել արտահերթ ընտրությունները, Ա.Սիմոնյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ում բազմաթիվ պատգամավորներ կան, որոնք մեծ հաճույքով կմասնակցեն նոր ընտրություններին և նույնպես ցանկանում են ընտրությունների գնալ հնարավորինս շուտ:

168.am-ի հարցին, որ փորձելո՞ւ են աշխատել առանձին ՀՀԿ-ական պատգամավորների հետ` կոտրելու համար նրանց միասնականությունը, Ա.Սիմոնյանը պատասխանեց, որ նման հարց չի քննարկվել. «Մենք ունենք ՀՀ ժողովրդի մեծամասնության սատարումն այդ օրակարգի շուրջ, որը հրապարակվել է Հանրապետության հրապարակում, այն է` մաքսիմալ արագ գնալ ընտրությունների, և մենք շարժվելու ենք՝ ըստ օրվա թելադրանքի»:

Մեր դիտարկմանը, որ տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ում հորդորում են սպասել 2-3 ամիս, որից հետո ինչ-որ փոփոխություններ են լինելու, Ա.Սիմոնյանը նշեց, որ ժպիտով է վերաբերվում այդ հորդորներին.

«Ժամանակին իմ ունեցած տեղեկություններով, երբ նախորդ` ՀՀՇ-ի իշխանությունը հեռանում էր, նման հորդորներ նույնպես կային ներքին ինչ-որ խողովակներով: Կարծում եմ, որ դա ինքնախաբեություն է, այլևս վերադարձ անցյալին չի կարող լինել»:

 

Տեսանյութեր

Լրահոս