![](/banners/BeFunky-design.jpg)
Նախագահական նստավայրում տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը
![](https://168.am/wp-content/uploads/2018/05/31670_640x421.jpg)
Նախագահական նստավայրում, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, մայիսի 21-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, առաջինն ամբիոնին է մոտեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընթերցելով երդման տեքստը.«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»: Այնուհետև հերթով երդվեցին կառավարության մյուս անդամները:
Երդման արարողության ավարտին Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորեց վարչապետին և կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի:
Կառավարության երդմնակալությունը նորամուծություն է Հայաստանի քաղաքական և պետական կառավարման մշակույթում: