Հայաստանում քաղաքական խաղաղ հանգուցալուծումն ու ԿԲ գործունեությունը նվազեցրել են տնտեսության վրա ճգնաժամի ազդեցությունը. Fitch
Հայաստանի քաղաքական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումն ու տնտեսական հաստատությունների, ինչպես օրինակ, Կենտրոնական բանկի շարունակական գործունեությունը նվազեցրել է ճգնաժամի ազդեցությունը տնտեսության վրա: Այս մասին ասված է Fitch միջազգային վարկանիշային գործակալության տարածած հաղորդագրությունում:
«Անցումային շրջանում տնտեսական ճեղքը, ինչպես ներկայացվում է, եղել է նվազագույն: Ֆինանսական հատվածում չի նկատվել ապակայունացնող ճնշում բանկային լիկվիդայնության կամ ավանդների վրա, իսկ միջազգային պահուստները շարունակում են մնալ խելամիտ մակարդակներում: Հումքային ապրանքների գների տեսանկյունից արտաքին բարենպաստ միջավայրը, արտահանման պահանջարկն ու դրամական փոխանցումների շարունակական աճը նվազեցրել են տնտեսության համար ակնկալվող ռիսկերը: ՀՆԱ իրական աճը 2017-ին կազմել է 7.5 տոկոս, տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել է 10.6 տոկոսի 2018-ի առաջին եռամսյակում»,-ասված է գործակալության հաղորդագրությունում:
Գործակալությունում անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությանը, որը ծրագիրը պետք է ներկայացնի մինչև հունիսի առաջին կեսը, նշելով, որ այն ներառում է փորձառու տեխնոկրատների և մասնավոր հատվածի մասնագետների: Նրանց կարծիքով՝ որոշ գործոններ վկայում են մակրոտնտեսական և ֆինանսական կայունության, ինչպես նաև ֆիսկալ հաշիվների պահպանության մասին: Օրինակ է բերվել Կենտրոնական բանկը, որն անկախության բարձր մակարդակ ունի, ինչպես նաև ֆինանսների նախարարի պաշտոնում նախկին նախարարի տեղակալի նշանակումը, ով բնորոշվում է որպես տեխնոկրատ: «Աճին ուղղված բարեփոխումների որոշ նախաձեռնություններ, որոնք ուղղված են տնտեսության դիվերսիֆիկացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը, կարող են անգամ համընկնել նախորդ կառավարության նախաձեռնությունների հետ»,- ասված է Fitch-ի կայքում:
Այնուամենայնիվ, նշվում է, որ Հայաստանում առկա է ներքին քաղաքական անորոշություն՝ կապված խորհրդարանական մեծամասնության և ձևավորված կառավարության ու վարչապետի քաղաքական տարբեր ճամբարների պատկանելիության հետ: Հարց է բարձրացվում այն մասին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանին կհաջողվի կառուցել և պահպանել խորհրդարանական մեծամասնություն՝ չկորցնելով իր աջակիցներին՝ կոռուպցիայի կրճատման և սոցիալական արդարության հաստատման ճանապարհին:
Fitch-ը չի ակնկալում, որ առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կկարգավորվի և հակամարտության սրումը դեռևս հավանական է համարում:
«Հայաստանի աճի հեռանկարն ու հարկաբյուջետային կոնսոլիդացիայի գործընթացը, որոնք նպաստել էին դեկտեմբերին երկրին դրական հեռանկարով B+ վարկանիշի շնորհմանը, շարունակում են կարեւոր գործոն հանդիսանալ մեր գնահատականների համար»,-ասված է գործակալություն հաղորդագրությունում: