ԵԱՏՄ-ի հետ կնքված համաձայնագիրն Իրանին կօգնի մեղմել ամերիկյան պատժամիջոցների հետևանքները. իրանագետ

ԵԱՏՄ-ի հետ կնքված համաձայնագիրն Իրանին կօգնի մեղմել ամերիկյան պատժամիջոցների հետևանքները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասուլիսում այս մասին նշեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

«Քաղաքական դաշտում հետաքրքիր զարգացում տեղի ունեցավ. ԱՄՆ-ն միակողմանի դուրս եկավ Իրանի միջուկային ծրագրից, սպառնաց, որ կիրականացնի պատժամիջոցներ, հիմա էլ հորդորում է եվրոպական երկրներին, որպեսզի միանան այդ պատժամիջոցներին: Այն գործարարները, ընկերությունները, որոնք որոշակի շրջանակից ավելի ապրանքաշրջանառություն կունենան Իրանի հետ, կարող են հայտնվել պատժամիջոցների տակ: Այս համաձայնագիրը կնպաստի, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների դեպքում Իրանի տնտեսությունը, համագործակցելով ԵԱՏՄ մեծ շուկայի հետ, կարողանա օգուտներ քաղել, մեծ ցնցումներ չունենա»,-ասաց իրանագետը:

Իրանը ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը սկսել էր 2015 թվականից, և 3 տարվա աշխատանքի արդյունքում կնքվեց այդ համաձայնագիրը: Այն ենթադրում է ավելի շատ ապրանքաշրջանառություն, խոսքը 250 տեսակի ապրանքի մասին է, որոնք կամ պետք է նվազեցված գներով ներկրվեն, կամ զրոյացված:

«Տարիներ շարունակ մեր երկիրը բանակցում էր, որ Իրանը 10 անուն ապրանքի նկատմամբ իջեցված տոկոսների հնարավորությունն ընձեռի, և կարողանանք մտնել 80-միլիոնանոց շուկա: Այժմ նոր հնարավորություններ են ստեղծվում, Իրանի՝ ԵԱՏՄ-ի հետ համագործակցելով Հայաստանն աշխատանքները բավական ակտիվացնելու և օգուտներ ստանալու հնարավորություններ ունի»,-ասաց Գոհար Իսկանդարյանը:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար Ատոմ Մարգարյանի խոսքով՝ Իրանը ստիպված է եղել իր տնտեսությունը զարգացնել փակ ռեժիմում և այնպիսի պետություն է, որ նույնիսկ ճգնաժամի պայմաններում կարողացել է տնտեսական աճ արձանագրել: Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակի հնարավորություններից օգտվելուն, ապա տնտեսագետը նշեց, որ հարցը միայն Իրանը չէ, չմոռանանք, որ Ռուսաստանը ևս պատժամիջոցների տակ է, ստիպված է հարմարվել այս իրավիճակում: Նա բնական է համարում, որ երկրները գնում են շուկաների փոխադարձ ազատականացման:

«Այս համաձայնագրով Իրանը համաձայնվել է իր ներմուծման մաքսատուրքերը իջեցնել մի շարք ապրանքների մասով, չնայած դրան, ԵԱՏՄ երկրների համար դրանք 3.5-4.5 անգամ ավելի անմատչելի են, քան հենց ԵԱՏՄ շուկան: Հասկանալի է, որ հնարավոր չէ ամբողջը միանգամից ազատականացնել, զրոյացնել, որովհետև Իրանի տնտեսությունը տասնամյակների ձևավորված կառուցվածք ունի»,-ասաց տնտեսագետ:

Ատոմ Մարգարյանը նշեց, որ Հայաստանի համար բավական լուրջ հնարավորություններ են ստեղծվում: Ըստ նրա՝ Մեղրու ազատ առևտրի տնտեսական գոտու մասով էական տեղաշարժ է ակնկալվում, ինչպես նաև ներդրումներ:

Տեսանյութեր

Լրահոս