Բաժիններ՝

Կանխարգելիչ գործողություններ միշտ իրականացվում են. Ոստիկանությունն արձագանքել է «օրենքով գողերի» բերման ենթարկելու լուրերին

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն արձագանքել է լրատվամիջոցներում տարածված լուրերին, թե ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 10-ից ավելի «օրենքով գողեր» և հանցագործ աշխարհում հայտնի 3 տասնյակից ավելի հեղինակություններ:

«Արմենպրես»-ի խնդրանքով անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապվերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ընդգծեց. «Ոստիկանությունը մշտապես իրականացնում է կանխարգելիչ գործողություններ»: Աշոտ Ահարոնյանը հրաժարվեց այլ մանրամասներ ներկայացնել:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 10-ից ավելի օրենքով գողեր և ավելի հանցագործ աշխարհում հայտնի 3 տասնյակից հեղինակություններ: Նշվում է, որ մայիսի 17-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ նախկինում դատված, 43-ամյա Ս. Հ.-ին, ով հանցագործ աշխարհում համարվում է «օրենքով գող»։ Պարզվել է, որ վերջինս օրեր առաջ է Ուկրաինայի Հանրապետությունից ժամանել Հայաստան։

Ավելի վաղ կայքը հայտնել էր, որ ոստիկանության՝ կազմակերպված հանցավորության դեմ գլխավոր վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ինչպես նաև ոստիկանության մարզային վարչության ծառայողները և տարածքային բաժինների քրեական հետախուզության աշխատակիցները իսկական գրոհ էին ձեռնարկել քրեական հեղինակությունների նկատմամբ: Մեծ թվով քրեական աշխարհում հայտնի օրենքով գողերի ու հեղինակությունների, այսպես ասած, հրավիրել էին իրենց մոտ և անցկացրել էին պրոֆիլակտիկ բնույթի զրույցներ՝ հորդորելով, որ չփորձեն քրեորեն պատժելի գործողություններ կատարեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս