ՀՀԿ-ն կապ չունի անցկացվող բողոքի տարբեր ցույցերի հետ. Արմեն Աշոտյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր վստահեցնում է, որ ՀՀԿ-ն որևէ կապ չունի այս օրերին հանրապետության տարբեր վայրերում անցկացվող բողոքի ցույցերի հետ:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը, անդրադառնալով խոսակցություններին, թե անցկացվող բողոքի ակցիաները ՀՀԿ-ի կողմից սաբոտաժ են` ուղղված Նիկոլ Փաշինյանի դեմ, ընդգծեց, որ այսօր այդ հարցին անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը և այդ հարցում իրենց տեսակետները համընկնում են.

«Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերն էի լսում` կապված նրա հետ, որ սաբոտաժ չկա և չի կարող լինել. ուզում եմ վերահաստատել` սա այն դեպքերից է, որ մեր տեսակետներն ամբողջությամբ համընկնում են: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր խորհրդարանական միակ ընդդիմությունն է: Սա փաստ է ու տեսանելի իրողություն, որը տեսանելի դարձավ, երբ կազմավորվեց կառավարությունը:

Կառավարության մեջ ներառված են խորհրդարանական մյուս բոլոր ուժերը, «Ելք»-ի մյուս երկու կուսակցությունները, Ծառուկյան դաշինքը, ՀՅԴ-ն: Այսինքն ՀՀԿ-ն այսօր խորհրդարանական միակ ընդդիմությունն է, և ժողովրդավարության զարգացման տեսանկյունից մեր դերակատարությունն է ու հավելյալ արժեքը քաղաքական կյանքում նաև այլակարծություն և բազմակարծություն, ինչպես նաև իշխանության տարբեր ճյուղերի բալանսավորված և տարանջատ գործողություններ ապահովելն է»,- նշեց Աշոտյանը:

Նա վստահեցրեց` սաբոտաժի մասին խոսք լինել չի կարող, քանի որ ՀՀԿ-ն, հառնելով մեր պետականության վերականգման ակունքներից, առ այսօր երկրում տեղի ունեցող ազգային ու պետական արժեք ունեցող խնդիրների կողքին իրեն չի կարող թույլ տալ մանրախնդիր ու քինախնդիր լուծումների գնալ:

Նրա խոսքով` վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունից հետո մինչ օրս չի արձանագրվել փաստ, որ ՀՀԿ այս կամ անդամը, պաշտոնյան իր պարտականությունները թերի է կատարել կամ քաղաքացիներին հորդորներ է փակել ճանապարհները: ՀՀԿ-ն, լինելով խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժը, ամեն ինչ անելու է ոչ միայն խորհրդարանում, այլ նաև երկրում բազմակարծությունն ապահովելու համար:

Տեսանյութեր

Լրահոս