
«Շահագրգռված ենք նոր ներդրումների ներգրավմամբ և աշխատատեղերի ստեղծմամբ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Կողմերն անդրադարձել են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացմանը:
Ջովաննի Ռուբինին նշել է, որ գրեթե 300 մլն դոլար գնահատվող ներդրումային ծրագրով նախատեսվում է 25-28 ամսվա ընթացքում կառուցել և շահագործման հանձնել 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայան: Ըստ պարոն Ռուբինիի՝ ներդրվելիք ժամանակակից համակարգերի արդյունքում հնարավոր կլինի արտադրել ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա: Ծրագիրն իրականացվելու է Siemens ընկերության և միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ: «Պատրաստ ենք հնարավորինս արագ մեկնարկել ծրագրի իրականացումը: Շինարարության ընթացքում ակնկալվում է ստեղծել շուրջ 1000 նոր աշխատատեղ»,- ասել է «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներդրումային ծրագրի իրականացումը և ընդգծել. «Մենք շահագրգռված ենք նոր ներդրումների ներգրավմամբ և աշխատատեղերի ստեղծմամբ, ուստի հետաքրքրված ենք ներկայացված նախագծով»: Վարչապետն առաջարկել է ծրագիրն առաջ մղելու աշխատանքները կոորդինացնել համապատասխան գերատեսչությունների հետ:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ ՀՀ կառավարության և իտալական ընկերության արդյունավետ համագործակցության արդյունքում հետագայում մեր երկրում կյանքի կկոչվեն նոր ներդրումային ծրագրեր: