Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձությունները կապիտալի արտահոսք չեն առաջացրել
Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձությունների արդյունքում Հայաստանից կապիտալի արտահոսք չի եղել: Այս մասին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործարար խորհրդի տնօրենների 58-րդ հերթական նիստի բացմանն ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նրա խոսքով՝ վերջին մեկ ամսում Հայաստանում սփյուռքահայ կապիտալի ներհոսք է նկատվել:
«Բիզնեսը սպասողական վիճակում է փոփոխությունների հանդեպ, և Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական վերջին իրադարձություններից ելնելով գործարար հանրության խնդիրն է հստակ հաղորդագրություններ ուղարկել, որ Հայաստանում իրականացվել է բացառիկ, ունիկալ, սիրո և թավշյա հեղափոխություն, որը նպատակ ունի առաջին հերթին տնտեսության համար բարձրացնել հավասար մրցակցության աստիճանը, վերացնել արհեստածին մենաշնորհները, իսկ սա նշանակում է Հայաստանում ներդրումների համար ավելի բարենպաստ միջավայր կստեղծվի»,-ասաց Ղազարյանը:
Նրա խոսքով՝ միջազգային լրատվամիջոցները Հայաստանում տեղի ունեցող իրադարձություները գնահատում են բացառիկ և Հայաստանը համարում են ժողովրդավարության նոր կղզյակ, մշակույթի նոր արժեքներին կրող: «Այս ոգևորության աստիճանը մենք պետք է կարողանանք արագ կապիտալացնել, որպեսզի նոր գործարարներ հայտնվեն մեր շուկայում՝ զանգվածային ծրագրեր իրականացնելու համար: Մենք շարունակելու ենք կառուցել շուկայական տնտեսություն, ավելի ազատական նորմերով, ավելի հավասար մրցակցությամբ»,-հավելեց նա: