Ինչ փոփոխություններ են լինելու առողջապահական ծրագրերում
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստից հետո անդրադարձավ ոլորտի որոշ ծրագրերի:
Դեղատոմսերի հարցը, ըստ նրա, դեռ քննարկվում է, «2 նյուանս է մնացել ճշտելու» մասնագիտական շրջանակների հետ. «Եթե ամեն ինչ իմ մտածած պլանով լինի, հավանաբար հուլիսի 1-ից և աշնանից մտնող ցանկերի մասով երկարացում կլինի 1 տարով։ Անտիբիոտիկների և հակաբիոտիկների մասով մասնագետները հակված են, որ թողնեն ուժի մեջ, քանի որ դա ավելի լուրջ խնդիր է»։
Էլեկտրոնային առողջապահության համակարգով կատարվում են բոլոր պետական ֆինանսավորումները և սոցփաթեթի ֆինանսավորումները։ Ա. Թորոսյանի խոսքով՝ համակարգն աշխատում է ֆինանսական մասով. «Վստահ եմ, որ պետք է աշխատի այդ մասով, և փոփոխություն չի լինելու։ Դա չի վերաբերում բժշկական անձնակազմի կողմից մուտքագրումներին, դա պետք է մնա, քանի որ կլինեն համակարգային կորուստներ, եթե փոխենք։ Կլինիկական մասով ներդրումը, երբ բժիշկները պետք է սկսեն մուտքագրել, քննարկվում է նպատակահարմարությունը, քանի որ բազմաթիվ օբյեկտիվ դժգոհություններ կան»։
Պետպատվերի ծրագրերով ֆինանսավորման հարցը նույնպես վերանայվելու է։ Սակայն, նշեց Ա. Թորոսյանը, խնդիր կա՝ բյուջեներն արդեն բաշխված են հունվար-փետրվար ամիսներին. «Կարող են լինել շատ փոքր վերաբաշխումներ դեռևս չբաշխված կամ տնտեսված գումարներից, որոնց դեպքում լիովին այլ մոտեցում է լինելու»։
Մանրամասները՝ տեսանյութում