
ԵԱՏՄ-ն և Չինաստանը առևտրատնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Եվրասիական տնտեսական միությունը եւ Չինաստանը առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Այդ մասին իրադարձության վայրից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Ավելի վաղ Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարար Թիմուր Սուլեյմենովը ասել է, որ համաձայնագիրը մաքսատուրքերի չեղարկում կամ ոչ տարիֆային արգելքների ավտոմատ նվազեցում չի նախատեսում:
Այդուհանդերձ համաձայնագիրը թույլ կտա բարելավել Չինաստանի շուկա ԵԱՏՄ-ի ապրանքների մուտքի պայմանները՝ առեւտրական ընթացակարգերի պարզեցման, թափանցիկության մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ առետրական համագործակցության բոլոր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման վերաբերյալ համաձայնագրում առկա նորմերի միջոցով:
ԵԱՏՄ-ն եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցություններն անցկացվում էին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի որոշման հիման վրա: Բանակցություններին մասնակցում էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ-ի երկրների ազգային կառավարությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ փորձագետներ եւ Չինաստանի գերատեսչությունների պաշտոնական ներկայացուցիչներ: