Էլթոն Ջոնը ելույթ կունենա արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքին
Բրիտանացի կոմպոզիտոր, երգիչ եւ դաշնակահար Էլթոն Ջոնը բեմ դուրս կգա արքայազն Հարրիի եւ դերասանուհի ու ֆոտոմոդել Մեգան Մարքլի առաջիկա հարսանիքին: Այդ մասին հայտնել է TMZ ամերիկյան լրատվական պորտալը: Նրա աղբյուրների տվյալներով՝ առայժմ պարզ չէ, երաժիշտը ելույթ կունենա մատուռում, թե ավելի ուշ նախատեսված ընդունելության ընթացքում:
Փետրվարին հայտնի էր դարձել, որ Էլթոն Ջոնը երկու համերգ է հետաձգել առաջիկա հարսանիքի կապակցությամբ: Այն ժամանակ չէր պարզաբանվել՝ նա պլանավորում է արարողությանը ներկա լինել հյուրի կարգավիճակում, թե կատարելու է իր երգերը: Երաժիշտը արքայադուստր Դիանայի՝ արքայազններ Հարրիի եւ Ուիլյամի մոր ընկերն էր եւ նրանց մանկությունից գիտի:
Հարսանիքը կայանալու է մայիսի 19-ին: Արքայազն Հարրին եւ նրա հարսնացուն իրենց հարսանիքին Վինձորի դղյակ են հրավիրել հասարակայնության 2640 ներկայացուցիչների: Հրավիրվածների թվում են տարբեր բարեգործական կազմակերպությունների աշխատակիցներ, դպրոցականներ, թագավորական պալատին առընթեր աշխատող մարդիկ, ինչպես նաեւ Վինձորի բնակիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: