«Երկարատև և բարդ բանակցություններից հետո այսօր կնքվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը». Տիգրան Ավինյան
ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցություններում հայկական կողմի ջանքերը բարձր են գնահատվում Հայաստանի գործընկերների կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով ներկայում Աստանայում է, որտեղ մայիսի 17-ին ստորագրվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ժամանակավոր համաձայնագիրը:
«Երկարատև և բարդ բանակցություններից հետո այսօր կնքվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը։ Հատուկ ուզում եմ նշել հայկական կողմի լրջագույն աշխատանքը, որը իրականացվել է բանակցությունների ամբողջ ընթացքում, ինչի մասին խոսում են մեր բոլոր գործընկերները»,-նշել է Տիգրան Ավինյանը։
ՀՀ փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար իրանական շուկա մտնելու գործում, ինչպես նաև շատ բարենպաստ պայմաններ Հայաստանում նոր արտադրական հզորություններ հիմնելու համար:
Եվրասիական տնտեսական միությունը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից, որի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։