
ԵԱՏՄ-ն և Իրանը ժամանակավոր համաձայնագիր ստորագրեցին ազատ առևտրի գոտու մասին

Եվրասիական տնտեսական միությունը եւ Իրանը մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովում ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել ազատ առեւտրի գոտու վերաբերյալ:
«Այժմ համաձայնագրում ներառված է այն ապրանքների սկզբնական ցանկը, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը փոխադրաձ առեւտրում կնվազեցվեն կամ կվերացվեն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: Համաձայնագիրն ընդգրկում է փոխադարձ առեւտրի ծավալի 50 տոկոսը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աստանայի տնտեսական համաժողովում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նա ճշտել է, որ ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ առեւտրի ծավալը 2017 թվականին կազմել է 2,7 մլրդ դոլար: Նրա խոսքով՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո կողմերը կկարողանան տնտեսել ներմուծման մաքսատուրքերի վճարման հարցում: ԵԱՏՄ-ի համար նախատեսված ցանկում ներառված են մսամթերքն ու յուղաճարպային արտադրանքը, հրուշակեղենի ու շոկոլադի առանձին տեսակներ, կոսմետիկա, էեկտրոնային ու մեխանիկական սարքավորումների տեսակներ:
Իրանական կողմը տարիֆային զիջողություններ կստանա պարենային ապրանքների ընդգրկուն ցուցակով, որը կներառի բանջարեղեն, մրգեր, չորացրած մրգեր, ինչպես նաեւ շինարարական նյութեր: «Արդյունաբերական ապրանքների գծով Իրանի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափը կնվազի 7 տոկոսային կետով, իսկ միության երկրների համար՝ 3,5 կետով, գյուղատնտեսական ապրանքների գծով Իրանի համար դրանք կնվազեն 18 կետով, ԵԱՏՄ-ի համար՝ 5 կետով»,- հայտնել Է Սարգսյանը եւ հավելել, որ լիաֆորմատ համաձայնագիրը կարող Է ստորագրվել երեք տարի հետո: