Բողոքի ակցիաներ՝ Բաղրամյան 26-ի դիմաց
Վարչապետի նստավայրի դիմաց այսօր իրար հաջորդող բողոքի ակցիաներ են ընթանում: Բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս պահին Բաղրամյան 26-ում են զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ պայքարող աշխատակիցները, ինչպես նաև ավտոներկրողներն ու տաքսու վարորդները:
Զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ պայքարողների խնդրին մայիսի 16-ին ծանոթացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով տվել է հանձնարարականներ շարունակելու օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները:
Միևնույն ժամանակ նախարարը հանձնարարել է մեկ շաբաթյա ժամկետում նրան ներկայացնել համապատասխան առաջարկներ և լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ: Բողոքողները առավոտյան եղել էին ՀՀ կառավարության շենքի մոտ, որտեղ նրանց ընդունել էր քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը և խորհուրդ տվել գնալ ՊՆ ու հանդիպել նախարարի հետ:
Սակայն նախարարի հետ հանդիպում չունենալուց հետո քաղաքացիները եկել էին Բաղրամյան 26՝ վարչապետի նստավայր:
Ավտոներկրողների և տաքսու վարորդների բողոքի ակցիան էլ մեկնարկել է Բրազիլիայի հրապարակից: Տաքսու վարորդները բողոքում են կարմիր գծերից, տուգանքներից, իսկ ավտոներկրողները՝ մաքսազերծման պայմաններից:
Նշենք, որ այսօր Բաղրամյան 26-ում էին նաև «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները, ովքեր բարձրացրել էին գործարանի վերագործարկման և չվճարված աշխատավարձերի վճարման հարցը: Նրանք նշում են, որ գործարանի խնդիրները տարիներ շարունակ լուծում չեն ստացել, իսկ նախկին կառավարությունների կողմից այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը, նրանց գնահատմամբ, արդյունավետ չեն եղել: Նրանցից երեքը հրավիրվել էին վարչապետի նստավայր հանդիպման: