«ԱՄՆ-ը ուղարկում է մեսիջ առ այն, որ տնտեսական հարաբերությունները և օգնությունը փոխարինվելու են ներդրումներով ու բիզնեսի զարգացմամբ». Սուրեն Սարգսյան

Հարցազրույց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ

– ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և նշել, որ անհամբերությամբ սպասում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում համագործակցությանը։ Ի՞նչ է սա նշանակում։ 

– Այս ուղերձը վկայում է, որ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևել է տեղի ունեցած իրադարձություններին և համարում է, որ Հայաստանում ժողովրդավարական գործընթացներ են եղել, որոնց արդյունքում էլ ձևավորվել է նոր կառավարություն ժողովրդավարական ճանապարհով։ Սա նրանց համար ողջունելի է, և դրա համար էլ շնորհավորական նամակը շատ չուշացավ։

Ընդհանրապես, Հայաստանն այս պահին գտնվում է ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում։ Այստեղ տեղի ունեցող իրադարձություններն ակտիվ լուսաբանվում են միջազգային մամուլում։ Ես անձամբ հետևել եմ ամերիկյան մամուլին, ամենահեղինակավոր լրատվամիջոցները, այդ թվում՝ «The Washington Post», «The New York Times» և այլն, ակտիվ լուսաբանել են ամբողջ գործընթացը, մենք այս պահի դրությամբ գտնվում ենք աշխարհի ուշադրության կենտրոնում և լուսաբանվում ենք միայն դրական լույսի ներքո։

– Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ այս «թավշյա հեղափոխության» արդյունքում ՀՀ վարկանիշը բարձրացել է ԱՄՆ վարչակազմում նոր մակարդակի։  

– Ընդհանրապես, բոլորի մոտ է բարձրացել, որովհետև ցանկացած ժողովրդավարական գործընթաց դրական է գնահատվում քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Սա նշանակում է, որ ոչ թե հետաքրքրությունն է աճել, այլ Հայաստանի իմիջն է էականորեն փոփոխությունների ենթարկվել։ Եթե դրական լույսի ներքո հայտնվում ես միջազգային  հեղինակավոր մամուլի առաջին էջերին, կամ փրայմ ժամերին, սա նշանակում է, որ իրոք, Հայաստանի նկատմամբ վերաբերմունք է փոխվել, և Հայաստանն ունի նաև նոր հնարավորություններ։

– Այս շնորհավորական ուղերձը նշանակո՞ւմ է, որ այսուհետ ԱՄՆ-ը ավելի սերտորեն կհամագործակցի Հայաստանի հետ։

 – Թրամփի ուղերձում բավականին հետաքրքիր ուղերձներ կային թե՛ Ղարաբաղի մասով, թե՛ երկկողմ բիզնես  կապերի զարգացման տեսանկյունից։ Սա նշանակում է, որ Հայաստանին ուղարկվում է մեսիջ առ այն, որ Հայաստանը պետք է ավելի ակտիվ սկսի զարգացնել ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունները, և օգնությունը փոխարինվելու է ներդրումներով ու բիզնեսի զարգացմամբ։

Գիտեք, որ ԱՄՆ-ը Հայաստանին ավելի քիչ ֆինանսական միջոցներ է հատկացնում՝ որպես արտաքին օգնություն, քան նախորդ տարիների ընթացքում, բայց միևնույն ժամանակ՝ մենք հիմա լավ հնարավորություն ունենք զարգացնել մեր տնտեսական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, ունենք լավ տրամադրվածություն ԱՄՆ-ի կողմից, և կարծում եմ՝ այս առումով լուրջ աշխատանք ունի անելու մեր նոր կառավարությունը։

– Գաղտնիք չէ, որ նախկինում ամերիկյան կողմը ներդրումներ շատ դժվարությամբ է իրականացրել մեր երկրում։ Հաշվի առնելով, որ այստեղ դեռևս անկայուն իրավիճակ է, Փաշինյանի կառավարությունը ժամանակավոր է, ինչո՞ւ հիմա պետք է ակտիվացնեն ներդրումները։  

– Միացյալ Նահանգների նոր վարչակազմն ունի շատ հետաքրքիր բիզնես մտածելակերպ, և սա ես դրական եմ գնահատում, երբ պետությունը նաև տնտեսական հարաբերությունների զարգացման առումով այնպիսի ակտիվություն է ցուցաբերում, ինչպես այսօր Միացյալ Նահանգները։ ԱՄՆ-ի նախագահը հայտնի հաջողակ բիզնեսմեն է և շատ արագ զարգացնում է երկրի տնտեսությունը, նույնիսկ կարող ենք ասել՝ բացառիկ և արագ տեմպերով, և կարծում եմ, որ Հայաստանը նույնպես այսօր հնարավորություն ունի Միացյալ Նահանգների հետ աշխատելու, որպեսզի ավելի շատ ներդրումներ լինեն Հայաստանում։

Նաև կարծում եմ՝ մենք պետք է ակտիվ աշխատենք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հետ, որովհետև եթե նախկինում «Հազարամյակի մարտահրավերները» Հայաստանի համար չէր գործում ինչ-ինչ պատճառներով, մասնավորապես՝ կոռուպցիայի բարձր տոկոսի և քաղաքական ազատությունների որոշակի խնդիրների հետ կապված, որը Միացյալ Նահանգներում պարբերաբար նշում էին, ապա այսօր մենք այդ հնարավորությունն ունենք ակտիվ ներգրավված լինելու Միացյալ Նահանգների հետ հենց այսպիսի ծրագրերի իմպլեմենտացիայի առումով։

– Այսինքն, կարծում եք, որ «Հազարամյակի մարտահրավերները» կվերսկսե՞ն գործունեությունը Հայաստանում։ 

– Եթե պրոֆեսիոնալ աշխատենք այդ ուղղությամբ, ապա վստահ եմ՝ կլինի։

– Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ ՀՀ արտաքին վեկտորում ռևերսներ չեն լինելու, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը։ Ի՞նչ զարգացումներ են սպասվում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում քաղաքական բաղադրիչի մասով։  

– Նախ՝ պետք է հասկանանք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մեծապես պայմանավորված է եղել այն մարտահրավերներով, որոնք մենք ունեցել ենք, աշխարհի տարբեր բևեռների հետ մեր հարաբերությունների զարգացումն այլընտրանք չունի, և դա թելադրված է նաև աշխարհաքաղաքական հանգամանքներով, այսինքն՝ եթե մենք բալանսավորված արտաքին քաղաքականություն ենք վարել թե՛ առաջին, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ նախագահների օրոք, բնականաբար, երկրի 4-րդ ղեկավարը, այս դեպքում՝ վարչապետը, պետք է նման քաղաքականություն վարի բոլոր կենտրոնների հետ։ Այսինքն՝ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն, և այս մոտեցումը չի փոխվելու։

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, կրկնեմ, մենք պետք է հնարավորինս արագ զբաղվենք տնտեսական հարաբերությունների զարգացմամբ և կարգավորմամբ։ Այս առումով, կարծում եմ, լուրջ անելիք կարող է ունենալ հայկական համայնքը, Վաշինգտոնում հայկական լոբբիստական կազմակերպությունները, և այստեղ նույնպես շատ լուրջ աշխատանքի ֆրոնտ կա։

– Դուք նախօրեին եք վերադարձել ԱՄՆ-ից, շփվե՞լ եք հայ համայնքի հետ, տրամադրություններն ինչպիսի՞ն են։  

– Շատ տարբեր, իհարկե, բայց առավելապես մեծ ոգևորվածություն կա, մեծ հույս կա, որ Հայաստանում տեղի են ունենում փոփոխություններ, ժողովրդավարական գործընթացներ։ Այս առումով սա, իհարկե, ոգևորում է ոչ միայն հայաստանցիներին, այլ նաև սփյուռքի մեր հայրենակիցներին։ Մոտավորապես ինչ կատարվում է այստեղ, նույնն էլ կատարվում է սփյուռքում, որովհետև սփյուռքը, հատկապես՝ ամերիկյան հայ համայնքը, Հայաստանում իրադարձությունները զգում և դրանց արձագանքում է  այնպես, ինչպես մենք։

– Դուք էլ նշեցիք, որ Թրամփի ուղերձում անդրադարձ կա Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդրին։ Ի՞նչ կարելի է սպասել ամերիկյան կողմից այս ուղղությամբ։  

– Թրամփն իրականում այժմ շատ ակտիվ ներգրավված է միջազգային խնդիրների կարգավորման գործընթացի մեջ, հայտնի է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաների հարաբերությունների կարգավորումը Թրամփի համար կարևոր խնդիր է ոչ միայն՝ իր պետության, այլև՝ ռազմավարական դաշնակիցների շահերից ելնելով, և այստեղ նա լուրջ ձեռքբերումներ ունի։

Եվ չմոռանանք, որ օրեր առաջ Ալիևին հղած նամակում նույնպես Թրամփն ասել է, որ ԼՂ կարգավորման խնդրի գործում ինքը պատրաստ է աջակցել կողմերին։ Կարծում եմ՝  Միացյալ Նահանգները շարունակելու է ակտիվ ներգրավված լինել բանակցային գործընթացում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ։

Տեսանյութեր

Լրահոս