Սիրիական զորքը Դամասկոսից հարավ ազատագրել է Հաջր Էլ Ասվադի շրջանը. Al Watan
Սիրիական բանակի մարտիկները Դամասկոսից հարավ վերականգնել են հսկողությունը Հաջր Էլ Ասվադ շրջանի նկատմամբ, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների ամրադիրքն էր:
Ինչպես մայիսի 16-ին հայտնել է Al Watan թերթը, կառավարական ուժերը իրականացված գործողության արդյունքում ծայրահեղականներին դուրս են մղել Էլ-Ջազիրա թաղամասից, որտեղ գտնվում էր նրանց հրամանատարական կետը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն, զորքերն այժմ հակառակորդի նահանջող ելուզակախմբերին հետապնդում են Հաջր Էլ Ասվադից հյուսիս ընկած շրջանում, մարտեր են ընթանում փախստականների Յարմուկ ճամբարի ծայրամասում՝ Դեյր Յասինի շրջանում: Կատաղի հրաձգությունը շարունակվում է ԻՊ-ի կողմից զավթված ճամբարի ներսում:
Հրատարակությունը փոխանցում է, որ գրոհներից մեկի ընթացքում զոհվել է «Լիվա Էլ Քուդս» պաղեստինյան բրիգադի հրամանատար Թահեր Աբու Դերվիշը: Ծայրահեղականներն իրենց ձեռքում են պահում Յարմուկի արեւելյան մասը եւ Թադամունի շրջանի հարավում գտնվող Զուբեյր թաղամասը: Նրանց դիրքերին ուղղորդված հարվածներ են հասցնում Սիրիայի ռազմաօդային ուժերը:
Դամասկոսից հարավ ընկած շրջանում ԻՊ-ի վերջին ամրադիրքերի վրա գրոհն սկսվել է ապրիլի 19-ին: Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը զորքերի առջեւ խնդիր է դրել վերջ դնել ահաբեկիչների ներկայությանը մայրաքաղաքի արվարձանում եւ ապաշրջափակել Դամասկոս-Ամման ռազմավարական ճանապարհը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: