Ամուլսարի ծրագիրը կարևոր ցուցանիշ է գրանցել
«Լիդիան Արմենիան» ուրախությամբ տեղեկացնում է առողջության և աշխատանքային անվտանգության ոլորտում ընկերության կարևոր ձեռքբերման մասին՝ այն է 2 միլիոն մարդ/ժամ առանց աշխատաժամանակի կորստով պատահարի: Հատկանշական է, որ այս ցուցանիշը գրանցվել է շինարարական աշխատանքների ամենաթեժ ժամանակահատվածում՝ ընդգրկելով ձմռան ամիսները:
Սա միջազգային ստանդարտ է, որով գնահատվում է առողջության և աշխատանքային անվտանգության ոլորտում ընկերությունների գործունեությունը: Այս ցուցանիշը նշանակում է, ընկերության աշխատակիցները բոլորը միասին աշխատել են 2 միլիոն ժամ առանց որևէ այնպիսի պատահարի, որի հետևանքով ընկերության աշխատակիցը կարող էր բացակայել աշխատանքից կամ ի վիճակի չլիներ վերադառնալ իր հիմնական պարտականություններին:
Արդյունաբերական և շինարարական ընկերությունները սովորաբար 1 միլիոն մարդ/ժամ առանց աշխատաժամանակի կորստով պատահարի ցուցանիշը համարում են մեծ ձեռքբերում: Իսկ Ամուլսարում շինարարության փուլում գրանցված 2 միլիոն մարդ/ժամ ցուցանիշը նշանակալի է նույնիսկ միջազգային փորձառու ընկերությունների համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծրագրի շինարարությունն այս պահին ընթացքում է, մոտ 80%-ն արդեն իրականացվել է: Մի քանի միլիոն խ/մ հողային աշխատանքներ են կատարվել, 9000 խ/մ` բետոնային աշխատանքներ, 90 000 խ/մ դատարկ ապար արդեն իսկ տեղաշարժվել է, կառուցվել 1 մոտավորապես 20 կմ ճանապարհ: Ջրերի կառավարման համակարգի, ինչպես նաև բնապահպանական կառավարման մյուս համակարգերի շինարարության զգալի մասն արդեն իրականացվել է:
Այն փաստը, որ բարդ լեռնային տարածքում և եղանակային անբարենպաստ պայմաններում շինարարության ընթացքում որևէ լուրջ պատահար չի գրանցվել, ցույց է տալիս ընկերության պատրաստակամությունը հետևելու առողջության և աշխատանքային անվտանգության խիստ կանոնակարգերին:
«Մեզ համար ամենաբարդ խնդիրներից մեկն առողջության և աշխատանքային անվտանգության մշակույթը Լիդիանի և կապալառուների աշխատակիցներին փոխանցելն էր»,- ասում է ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը, – «Երբեմն մենք ստիված ենք եղել կանգնեցնել մեր կապալառուների աշխատանքները, օրինակ, շինարարությունը ոչ անվտանգ իրականացնելու, կամ աշխատակիցների կողմից անհատական պաշտպանիչ միջոցները չկրելու պատճառով, քանի դեռ նրանք չեն ապահովել անվտանգության և առողջության անհրաժեշտ ստանդարտները:
Շինարարության ռիսկերը շատ են և անվտանգության հստակ մշակույթի ներդրումը ապահովում է աշխատակիցների անվտանգությունը, նվազեցնում է ռիսկերը և խրախուսում է աշխատակիցներին աշխատել անվտանգ: 2 միլիոն մարդ/ ժամ առանց աշխատաժամանակի կորստով պատահարի ցուցանիշը ևս մեկ անգամ ընդգծում է, որ «Լիդիան Արմենիան» պատրաստ է ապահովել անվտանգության պրակտիկան ընդունված միջազգային ստանդարտներին համապատասխան և շարունակել զարգացնել աշխատանքային անվտանգության մշակույթը Հայաստանում»: