Իրանի հետ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը վնաս հասցրեց անդրատլանտյան հարաբերություններին. Մաաս
ԱՄՆ-ի քաղաքականության մեջ կատարված փոփոխությունները, այդ թվում՝ Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու վերաբերյալ Վաշինգտոնի որոշումը անդրատլանտյան հարաբերություններին վնաս է հասցրել երկարաժամկետ հեռանկարով: Այդ մասին Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է Spiegel հանդեսին տված հարցազրույցում, որից քաղվածներ են հրապարակվել մայիսի 11-ին:
«Փոփոխությունները, որոնք նախաձեռնել է ԱՄՆ-ը, արդեն վաղուց ներառել են նաեւ անդրատլանտյան հարաբերությունները»,-ասել է նա: Մաասի խոսքով՝ Եվրոպան դրանք զգում է «ոչ միայն մայիսի 8-ի երեկոյան իրեն պատած հիասթափությունից (գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից) հետո: Մաասն ընդգծել է, որ ԵՄ-ն մտադիր է Վաշինգտոնի հետ հարաբերություններում գործել ավելի ինքնավստահ: «Մենք պատրաստ ենք երկխոսություն, բանակցություններ վարել, բայց որտեղ անհրաժեշտ է՝ կպաշտպանենք մեր դիրքորոշումները»,-խոստացել է նախարարը:
ԳԴՀ-ի ԱԳ նախարարությունում պետնախարար Նիլս Անենը, իր հերթին, Իրանի հետ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը որակել է «սխալ որոշում»՝ անդրատլանտյան հարաբերությունների համար «լուրջ երկարաժամկետ հետեւանքներով»: Նա նշել է, որ Վաշինգտոնում ընթացիկ շաբաթ անցկացված բանակցությունների ժամանակ չի նկատել փոխզիջումներ գտնելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը: «Ցավոք, մենք ստիպված ենք արձանագրել, որ ամերիկյան կողմից հազիվ թե պատրաստակամություն կա լրջորեն վերաբերվելու դաշնակիցների փաստարկներին»,-ասել է քաղաքական գործիչը: Spiegel-ը հայտնել է, որ եվրոպական պետություններն այժմ խորհրդածում են՝ Իրանում բիզնես վարող իրենց ընկերություններն ինչպես պաշտպանել ամերիկյան պատժամիջոցներից:
«Եթե մենք ցանկանում ենք պահպանել Իրանի հետ համաձայնագիրը, իսկ դա մենք պետք է անենք, ապա մեզ հարկավոր է հնարավորինս ապահովել եվրոպական այն ընկերությունների լավ պաշտպանությունը, որոնք առեւտուր են անում Իրանի հետ եւ կարող են տուժել ԱՄՆ-ի պատժամիջոցներից»,-հրատարակությանը հայտարարել է բյուջերի հարցերով եվրակոմիսար Գյունտեր Էթինգերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: