Հարավային Կորեայի նախագահը հավատում է, որ «կգա օրը, երբ Կորեայի Հյուսիսն ու Հարավը կվերամիավորվեն»
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հույս է հայտնել, որ Կորեական թերակղզու Հյուսիսի եւ Հարավի միջեւ անդրսահմանային քաղաքացիական փոխանակումների թվաքանակը կմեծանա: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը: Մուն Չժե Ինի խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել «փոխանակումները, որոնք սկսվել են հարավկորեացի եւ հյուսիսկորեացի արտիստների խմբերի ուղեւորություններով»:
«Ես հավատում եմ, որ մարդիկ կկարողանան ազատորեն ուղեւորություններ կատարել Հյուսիսի եւ Հարավի միջեւ եւ, ի վերջո, կգա օրը, երբ Հյուսիսն ու Հարավը վերստին կդառնան մեկ ամբողջություն»,-ասել է Կորեայի Հանրապետության նախագահը:
Մայիսին ավելի վաղ Սեուլում հասարակական ակտիվիստների խմբերը հայտարարում էին մշակութային ու մարզական փոխանակումների ոլորտում Հյուսիսային Կորեայի հետ համագործակցությունը վերսկսելու անհրաժեշտության մասին:
Ապրիլի վերջին կայացել է ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարների պատմական գագաթնաժողովը, որտեղ կողմերը հայտարարել են Կորեական պատերազմում հաշտության պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ սկսելու, ինչպես նաեւ թերակղզու լիակատար միջուկազերծման հասնելու մասին:
Բացի այդ, հանդիպմանը կողմերը պայմանավորվել են վերսկսել 1950-1953 թվականների պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների վերամիավորման գործընթացը: Գագաթնաժողովի արդյունքներով՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը նաեւ հայտարարել է, որ ապագայում երկու Կորեաների միավորման հույս ունի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: