Ովքեր են համարվում քաղաքական բանտարկյալ

«Վերջին օրերին հաճախակի կոչեր են ուղղվում Վարչապետին քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ։ Ցանկանում եմ պարզաբանել, որ խոսքը վերաբերվում է քրեական օրենսգրքով արարք չկատարած և իրենց քաղաքական հայացքների համար քրեական պատասխանատվության ենթարկված անձանց մասին»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Քաղաքական բանտարկյալներ կարող են համարվել նաև այն անձինք, ովքեր թեև կատարել են հանցանք, սակայն անչափ ծանր պատիժ են նշանակել կամ անչափ երկար պահվում են կալանքի տակ մինչև վերջնական դատական ակտ կայացնելը պայմանավորված իրենց քաղաքական հայացքների համար։

Տվյալ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը կարող է դադարեցնի բացառապես վարույթ իրականացնող մարմինը՝ քննիչը, դատախազը կամ դատարանը։ Պետության ղեկավարը պետք է երաշխավորի այդ մարմինների անկախ գործունեությունը, որի արդյունքում վերջիններս պետք է ղեկավարվեն բացառապես ՀՀ միջազգային պայմանագրերով, ՀՀ Սահմանադրության և օրենքներով և կայացնեն օրինական որոշումներ, որի արդյունքում բացառվեն Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքական բանտարկյալի առկայությունը։ Ընդ որում այդ մարմինների իրավասության ներքո է գտնվում վերջնական գնահատական տալը, սակայն մեծ անելիք ունեն նաև փաստաբանները և իրավապաշտպանները, որոնք պետք է իրենց զեկույցներով և դատավարական փաստաթղթերով հիմնավորեն, որ տվյալ անձի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքով որևէ արարք կամ նշանակված պատիժն անհամաչափ է կամ անչափ երկար են պահում մարդուն կալանքի տակ կամ առկա են այլ դեպքեր։ Այսինքն միայն հայտարարել, որ այս մարդը քաղաքական բանտարկյալ է բավարար չէ, պետք է ներկայացնել հիմնավորումները և դրան համապատասխան պահանջել (գրավոր և համապատասխան դատավարական փաստաթղթով), որպեսզի վարույթ իրականացնող մարմինը կատարի անհրաժեշտ գործողություններ։

Մոտ ապագայում անհրաժեշտ է նաև սահմանել, թե ով է հանդիսանում քաղաքական բանտարկյալ՝ բացառելու համար ապագայում Հայաստանի Հանրապետությունում «Քաղաքական բանտարկյալների» առկայությունը։

Փաստաբանների և իրավապաշտպանների խնդիրն է, որպեսզի իրենք հանրությանը ճիշտ ներկայացնեն, ում նկատմամբ ինչպիսի որոշում պետք է կայացվի, որպեսզի մի կողմից բացառենք տարբեր անձանց կողմից «մուտիլովկեքի» տարածումը, մյուս կողմից որևէ քաղաքական բանտարկյալ կալանքի տակ անիմաստ չմնա, սակայն արդարադատությունն իրականացվի բացառապես դատավարական օրենսդրության պահանջների պահպանման»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս