Թուրքիայի բանտերի ծանրաբեռնվածությունը 10 տարում աճել է 161․7 տոկոսով

Եվրոպայի խորհուրդը և Լոզանի համալսարանը եվրոպական կալանավայրերի 2016թ․ վիճակի մասին համատեղ զեկույց են հրապարակել։

Ըստ այդմ՝ Եվրոպայի կալանավայրերում բանտարկյալների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 1 մլն 500․000։ Իսկ վերջին 10 տարվա ընթացքում՝ 2006- 2016թթ․, կալանավորների թիվն ամենից շատ աճել է Թուրքիայում։

Զեկույցի համաձայն՝ 2016թ․ սեպտեմբերի 1-ի դրությամբ եվրոպական երկրների բանտերում (բացի Ռուսաստանից) 859․102 կալանավոր և ազատազրկված մարդ կա։ Իսկ Ռուսաստանի բանտարկյալների հետ մեկտեղ այդ ցուցանիշը կազմել է 1 մլն 505․187։

«Deutsche Welle»-ի տեղեկության համաձայն՝ 2016թ․ հունվարի 1-ի դրությամբ Եվրոպայում յուրաքանչյուր 100․000 քաղաքացու բաժին էր ընկնում 127 բանտարկյալ։ Այդ ցուցանիշով առաջին հորիզոնականում Վրաստանն է, որտեղ 100․000 անձին բաժին  է ընկնում 256 կալանավոր, Թուրքիայում՝  244, Ադրբեջանում՝ 236։

Վիճակագրության համաձայն՝ 2016թ․ բանտարկյալների թիվն ամենից շատ աճել է Բուլղարիայում (10․8 տոկոս), Թուրքիայում (9․5 տոկոս), Չեխիայում (7․6 տոկոս), Սերբիայում (6․6 տոկոս) և Դանիայում (5․5 տոկոս)։

2006-2016թթ․ ընթացքում Թուրքիայի բանտերում գտնվող կալանավորների թիվն աճել է 161․7 տոկոսով։ Այդ ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում առաջին հորիզոնականում է։ Իսկ նույն ժամանակահատվածում ամենից քիչ աճել է Հոլանդիայի (38․9 տոկոս), Էստոնիայի (36․7 տոկոս) և Շվեդիայի (26․2 տոկոս) բանտերի ծանրաբեռնվածությունը։

Türkiye Gazetesi

Տեսանյութեր

Լրահոս