
ԵՄ-ն ակնկալում է աշխատել Փաշինյանի և նրա կառավարության հետ. Մոգերինիի և Հանի հայտարարությունը

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության առնչությամբ: Նրանք ընդգծել են, որ Հայաստանի խորհրդարանը վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին Սահմանադրությանը համապատասխան կարգով:
«Եվրամիությունն ակնկալում է աշխատել նրա և նրա կառավարության հետ նախորդ տարվա նոյեմբերին ստորագրված Եվրամիություն-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կյանքի կոչման շուրջ՝ հանուն ժողովրդավարության հետագա ամրապնդման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի՝ ի շահ Հայաստանի բոլոր քաղաքացիների ստեղծելու բարգավաճ և ճկուն երկիր:
Հանուն այս նպատակների իրագործման՝ շարունակում է առանցքային մնալ համապարփակ երկխոսությունը Հայաստանի բոլոր քաղաքական կողմերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միջև»,- ասվում է հայտարարության մեջ: