Ջոնսոնը «խելացնոր» է որակել ԵՄ-ի հետ մաքսային գործընկերության առաջարկությունները
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Brexit-ից հետո Եվրամիության հետ մաքսային գործընկերության վերաբերյալ քննարկվող առաջարկությունները, որոնց հավանություն է տվել վարչապետ Թերեզա Մեյը, «խելացնոր» են եւ կհանգեցնեն «բյուրոկրատիզմի մի ամբողջ ցանցի» առաջացման: Այդ մասին հայտնել է Daily Mail թերթը:
«Եթե մենք ունենանք այդ նոր մաքսային գործընկերությունը, կառաջանա խելացնոր համակարգ, որի դեպքում վերջին հաշվով ԵՄ-ի անունից մաքսերը կսկսեն հավաքվել Մեծ Բրիտանիայի սահմանին»,- ասել է նախարարը թերթում հրապարակված հարցազրույցում: Նրա խոսքով՝ առաջարկվող համակարգը «բացարձակապես ստուգված չէ» եւ կսահմնափակի արտոնյալ պայմաններով գործարքներ կատարելու հնարավորությունը:
Թերթի տվյալներով՝ ավելի վաղ Լոնդոնն առաջարկել է եվրոպական դաշինքից երկրի դուրս գալուց հետո ԵՄ-ի հետ առեւտրի ոլորտում սահմանափակումների նվազեցման մի քանի տարբերակ: Դրանցից մեկի համաձայն, մասնավորապես, ենթադրվում է Բրիտանիայի մասնակցությունը եվրոպական մաքսերի գանձմանը ԵՄ ներկրվող ապրանքների համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Մեյը հավանություն է տվել այդ տարբերակին, բայց նախարարների կաբինետն անցյալ շաբաթվա նիստում դեմ է արտահայտվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: