Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ: Նրան վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է ազգային գերակայությունների օրակարգը մշակելու ու պետության բնականոն գործընթացը ղեկավարելու ծանր պատասխանատվության առջև: Լայն տարողություն ունեցող այս հանձնառության ստանձնումը ենթադրում է մնայուն մարտահրավերների դիմագրավման կողքին, Հայաստանի վերածննդից ի վեր, անցնող 27 տարիների ընթացքում իրագործված ձեռքբերումների ամրապնդումը»,- նշված է ՀԲԸՄ ուղերձում:

ՀԲԸՄ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանին լավագույնն է մաղթում իր բոլոր նախաձեռնություններում:

Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը:

«Շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու առիթով, որն արտահայտում է Հայաստանի ժողովրդի կամքը` հրատապ եւ վճռական փոփոխությունների հասնելու ճանապարհին: Հայաստանում եւ Հայաստանից դուրս գտնվող բոլոր հայերի հետ, մենք պատրաստակամ ենք, ինչպես միշտ, ոչ միայն աջակցել, այլեւ շարունակաբար նպաստել Հայաստանի արդար եւ խաղաղ զարգացմանը: Այս նոր շրջադարձը նաեւ հնարավորություն է տալիս աշխարհի հայության ոգեւորությունն ու գիտելիքներն ուղղել Հայաստանի եւ Արցախի զարգացմանը»,-նշված է շնորհավորական ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031