Կառավարության կազմում կլինեն էական փոփոխություններ. Նիկոլ Փաշինյան
«Ես ուզում եմ ճիշտ հասկանաք, երբ ասում ենք`ազգային համերաշխություն և միասնություն, դա չի նշանակում, որ բոլորս ամեն ինչի մասին նույն կերպ ենք մտածում, բոլորիս տեսակետները նույնական են և քննադատությունը համարվում է ազգային միասնության խաթարում: Ոչ ամենևին, աշխատանքային քննարկումներ կունենանք, որովհետև նաև հաշվի առնելով ընթացիկ քաղաքական իրավիճակի առանձնահատկությունները, մենք պետք է կարողանանք այս մթնոլորտը փոխել»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա` համերաշխությունը չի կարող ուղղակի կարգախոս լինել, և իրենք աշխատելու են նաև ՀՀԿ-ի հետ քննարկումներ անցկացնել:
Ն.Փաշինյանը նշեց, որ բազմաթիվ թեկնածուներ կան, բազմաթիվ պրոֆեսիոնալներ, որոնք պետք է ներգրավված լինեն կառավարության գործունեությունում, և կառավարության կազմում կլինեն էական փոփոխություններ:
Ն.Փաշինյանը նախարարների թեկնածուների անուններ չնշեց, այդ թվում` ուժային կառույցների ղեկավարների, սակայն նշեց. «Վարչապետը նշանակումներ է անելու նաև այդ կառույցներում»:
Ըստ նրա` թեև արտաքին քաղաքականության հարցում տարբեությունները շատ չեն, սակայն դրանք շատ են ներքին քաղաքականության հարցում:
Ն.Փաշինյանը հույս հայտնեց, որ բոլոր ուժերը կլինեն կառուցողական և երկրի ապագա զարգացման հարցում կհասնեն հաջողության:
Հարցին` արտահերթ ընտրությունների գնալու է «Ելքի՞» հետ, արդյո՞ք մոռացել է նրանց հետ տարաձայնությունները, Ն.Փաշինյանը պատասխանեց, որ այժմ հանդես է գալիս որպես ժողովրդի կողմից ընտրված ՀՀ վարչապետ և կմնա իր գործառույթների շրջանակներում:
Ն.Փաշինյանը կարևորեց ընտրական համակարգի բարեփոխումների մեկնարկը և այդ ուղղությամբ միջոցներ կձեռնակեն, նաև կարևորեց երկրի անվտանգության տեսակետից ուժային կառույցների ղեկավարների զեկույցը լսելը: Նա նշեց, որ բոլոր ոլորտներում ունեն առաջարկներ, բայց դրանց նշանակությունը կպարզվի զեկույցները լսելուց հետո:
Ն.Փաշինյանը հաստատեց, որ աշխատանքներ է տանելու սուպերվարչապետության վերացման համար. «Ես արդեն ասել եմ, որ սուպերվարչապետական համակարգ պետք է չլինի և մենք կաշխատենք այդ ուղղությամբ»:
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ մասնակցելու է ԵԱՏՄ գագաթնաժողովին և հույս հայտնեց, որ երկկողմ հանդիպում կունենա նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Արտահերթ ընտրությունների ժամկետի վերաբերյալ ՀՀ վարչապետը նշեց, որ այդ հարցը քննարկվելու է և աշնանն անցկացնելու տարբերակը առկաներից մեկն է:
Իսկ վաղը, ինչպես հաստատեց Ն.Փաշինյանը, որ մեկնելու է Արցախ: