
«Շնորհավորում եմ նոր Վարչապետին». Կարեն Կարապետյան

Հարգելի՛ քաղաքացիներ,
Այսօրվանից ես դադարեցնում եմ Վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների կատարումը։
Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել քննադատության, ոգևորիչ խոսքերի և աջակցության համար։
Շատ հետաքրքիր և պատասխանատու ժամանակաշրջան էր։ Ես իմ կարողությունները մաքսիմալ ներդրել եմ աշխատանքի մեջ։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կառավարության մեր թիմին։ Չափազանց պարկեշտ և հայրենասեր մարդկանց թիմ էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ժամանակահատվածում պետական համակարգ մուտք գործած պրոֆեսիոնալ, անկաշկանդ, համարձակ և էֆֆեկտիվ երիտասարդներին։
Շնորհավորում եմ նոր Վարչապետին։ Վարչապետին և հաջորդող բոլոր վարչապետերին անկեղծ մաղթում եմ բազմաթիվ հաջողություններ, լավ արդյունքներ, անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված և միշտ հասկացված լինել ժողովրդի կողմից։
Պատկերացնելով վարչապետի ծանր և պատասխանատու աշխատանքը, որը պահանջում է անհոգ օրերի ու գիշերների բացակայություն, առաջարկում եմ մեր համաքաղաքացիներին, լրագրողներին, սոցիալական ցանցերից օգտվողներին և քաղաքական ուժերին՝ վարչապետին քննադատելիս անել այն առարկայական, անձնականը և ընտանիքը չխառնելով, հակառակը՝ խորհուրդ տալով և ոգևորելով։
Բոլորիդ ԼԱ՛Վ տրամադրություն, ԼԱՎ ԵՂԵ՛Ք:
Շնորհակալություն: