
Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը չի ազդի Իրանի տնտեսության վրա. ԿԲ

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալը չի ազդի երկրի տնտեսության վրա: Այդ մասին, ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, մայիսի 8-ին հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Վալիուլլա Սեյֆը:
«Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին: Եթե Ամերիկան դուրս գա գործարքից, մեր տնտեսությունն իր վրա չի զգա դրա հետեւանքները»,- Սեյֆի խոսքը մեջբերել է գործակալությունը: Ավելի վաղ ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Իրանի հետ միջուկային գործարքից հրաժարվելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մտադրության մասին: Ինչպես գրում է New York Times թերթը, Թրամփը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է հրաժարվել իրանական միջուկային ծրագրի շուրջը գործարքից եւ պատժամիջոցներ սահմանել Թեհրանի դեմ:
Ընդ որում, դեռեւս պարզ չէ, թե Միացյալ Նահանգների ղեկավարը ձեռնպահ կմնա արդյոք այդ քայլից՝ Եվրոպայի երկրներին թույլ տալով տնտեսական հարաբերություններ ունենալ Թեհրանի հետ՝ ըստ որում «ԱՄՆ-ի կողմից չենթարկվելով պատժի»: Մայիսի 7-ին Թրամփը թվիթերի իր էջում գրել է, որ մտադիր է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը համաձայնագրի վերաբերյալ իր որշումը հրապարակել մայիսի 8-ին տեղական ժամանակով 14:00-ին (Երեւանի ժամանակով 22:00-ին), հաղորդել է ՏԱՍՍ-ը: