«Վեոլիա ջուր» ընկերության և Շիրակի մարզի որոշ համայնքների ջրերը մի առվով չեն հոսում
Շիրակի մարզի Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանի խոսքով՝ Արփենի բնակավայրում ջրի խնդիր կա:
Սարապատի համայնքապետը պնդում է, որ Սարապատի 15 համայնքներից Արփենին է սակավաջուր:
«Կապտաժների հետ կապված խնդիր կա: Մնացած համայնքները ջրով բավարարված են, չէի ասի, որ իդեալական վիճակ է, քանի որ ցանցում 30 տարի է՝ որևէ աշխատանք չի կատարվել, իսկ Արփենին աղբյուրից է ջուր ստանում, և աղբյուրների սակավության պատճառով ջուրը չի բավարարում, խնդիրը դրանում է:
Համայնքի բոլոր բնակավայրերն իրենց սարերի ջրի աղբյուրներից են ջուր ստանում, մենք ջրամբարներից ջուր չենք ստանում: Սարի աղբյուրից եկած ջուր է, այն զտելու կարիք չկա: Մեր մոտ ջրամատակարարման համակարգն այսպես է աշխատում. հողի միջից ֆիլտրացնելու համար հատուկ քարից ֆիլտրեր են սարքում, դրանց միջով ջուրն անցնում, է, որի բնական ֆիլտրացում է տեղի ունենում, հետո՝ երկրորդ կապտաժի մեջ, եթե ջրի հետ հող կամ նստվածք կա (կապտաժ՝ ստորերկրյա աղբյուրների ջրերը խողովակների, ջրհորի մեջ առնելը՝ առավելագույն չափով օգտագործելու և աղտոտումից զերծ պահելու նպատակով) մեխանիկական զտում է տեղի ունենում, հետո ջուրը գնում է կարգավորիչ ջրամբար, որտեղ քլորացվում է և մատակարարվում բնակչությանը:
Մի քանի ինստանցիայում փորձել ենք ֆինանսական ծրագրեր ներգրավել, դեռ չի ստացվել: Խնդրի վերաբերյալ իրազեկված է նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Համայնքն ինքն է սպասարկում իր ջրի խնդիրը: Բավական մեծ գումարի խնդիր է՝ մոտ 40 մլն դրամի ծախս է պետք, որպեսզի նոր կապտաժներ կառուցվեն: Ռուսները երբ դրանք կառուցել էին, հիմա ահագին ժամանակ է անցել, և դրանք խնամքի կարիք ունեն: Համայնքներն էլ ի վիճակի չեն իրենց բյուջեների միջոցով այդքան գումար տնտեսել նոր կապտաժներ կառուցելու նպատակով: Եթե որևէ ծրագիր չհաջողվի իրականացնել, կփորձենք մեր միջոցով հարցը կարգավորել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արտուշ Մանուկյանը: Շիրակի մարզի այլ համայնքներում ևս առկա է ջրի խնդիր:
Մեծ Մանթաշի համայնքապետ Արկադի Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այն քիչ-քիչ լուծվում է. «Ջրի խնդիրը մասամբ սկսում է լուծվել, ջրագծերն արդեն փոխում ենք, տեսնենք, թե որքանով կարող ենք փոխել: Դա ծրագիր է, որն իրականացնելու ենք: Ամերիկյան բարեգործական կազմակերպությունն է խողովակները նվիրատվություն կատարել, մնացած աշխատանքներն էլ համայնքի ուժերով է իրականացվելու»:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն՝ Մեծ Մանթաշում կեղտաջուր էին խմում: Պատճառն այն է, որ ջուրը չի ֆիլտրացվում, դրա հետևանքով խմելու ջրի հետ նաև որդեր էին գալիս:
Հետաքրքիրն այն է, որ, թեև տարիներ առաջ ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի և Նոր Կյանք, Վարդաքար, Հովտաշեն, Գեղանիստ և Մեծ Մանթաշ գյուղական համայնքների ջրամատակարարման համակարգի բարելավման փաթեթի համար նախագիծ էր մշակվել և այս համայնքներում ջրամատարարարման համակարգերի վերականգնման նպատակով ջրամատակարարման արտաքին համակարգի վերակառուցման աշխատանքներ էին իրականացվել, սակայն Մեծ Մանթաշում և Գեղանիստում դեռ խմելու ջրի խնդիրներն էլ լուծված չեն:
Շիրակի մարզի Գեղանիստ համայնքի ղեկավար Աղասի Ղազարյանի խոսքով, իրենք և՛ խմելու և՛ ոռոգման ջրի խնդիր ունեն, այն էլ՝ 20-25 տարի շարունակ, ոչ ոք չի փորձել խնդիրը կարգավորել:
Ինչո՞ւ համապատասխան պետական կառույցները չեն փորձել կարգավորել խնդիրը. այս հարցն ուղղեցինք Գեղանիստի համայնքապետին:
«Խմելու ջրի պատասխանատուն նախկինում ֆրանսիացիներն էին, հիմա՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը, ոռոգման ջրինն էլ՝ Ջրպետկոմիտեն: Մերը կապված է Մանթաշի ջրամբարի հետ, եթե Մանթաշի ջրամբարում ջուր շատ եղավ, ջուրը կեղնի, եթե Մանթաշի ջրամբարը ջուր չլցվեց, մենք էլ ջուր քիչ կունենանք, ուրիշ ջրի աղբյուր էլ չունենք: Գեղանիստը ծայրամասային գյուղ է, մեր ջրագծերը և՛ խմելու են, և՛ ոռոգման համար նախատեսված:
Դրանք 3-4 գյուղի միջից են անցնում, բնականաբար, գիտեք՝ եթե 3-4 գյուղի միջով է անցնում, վերջին գյուղին սակավ ջուր է հասնում: Խմելու ջուրը բաց ցանցով գալիս է դեպի Մեծ Մանթաշ, վերևները ջուրը վերցնում են, մինչև մեզ է հասնում՝ վերջանում է: Մենք էլ ունենք նոր կառուցված ջրագիծ, և մինչև «Վեոլիա ջուր» ընկերության տնօրինմանն անցնելը՝ այդ ժամանակ 2 կմ 800 մետր ջրագիծ մեր համար էլ էինք անցկացրել, սակայն այն օդի մեջ է մնացել, «Վեոլիա ջուր» ընկերությունը չի ընդունում, ասում են՝ ջուրը չի բավարարում, ուստի մենք հիմա Մանթաշի ավազանի ջուրն ենք օգտագործում:
Ինչ վերաբերում է ոռոգման ջրին, Մեծ Մանթաշի ջրամբարը պետք է ջրով լցվի, որ կարողանանք տեղի բնակիչներին ոռոգման ջրով ապահովել: Դա էլ կախված է տեղումների քանակից»,- ասաց Գեղանիստի համայնքապետը:
Թե ի՞նչ հետևանքներ է ունենում ոռոգման ջրի բացակայությունը Գեղանիստի գյուղատնտեսության վրա, համայնքապետը մանրամասնեց՝ շատ վատ. «Ժողովրդի կեսը մտավախություն ունի, թե կարող է՝ այս տարի տեղումները քիչ լինեն, տեղյակ են արդեն, որ ջրամբարում ջուրը քիչ կլինի, բոստանները չեն կարողանա ջրել: Հիմնականում մերը բոստաններ է՝ 20-30 հեկտար: 15 հեկտարի չափով հազիվ հասցնում ենք ոռոգել, երկու անգամ, բայց բնական է՝ դա քիչ է: Գազար և կարտոֆիլ ենք ցանում, մեկ-երկու անգամ բերքը ջրում, երբ գալիս է աշունը՝ բերքը հավաքելու ժամանակը, ջուր չի լինում, բերքը հողի մեջ փչանում է, գյուղացիներն էլ տանջվում, չարչարվում են, վերջում էլ չեն կարողանում իրենց բերքն օգտագործել»:
Ըստ Գեղանիստի համայնքապետի՝ գյուղացիների կորցրած բերքի դիմաց ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը փոխհատուցում չի տրամադրում:
Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Արթուր Ալոյանի խոսքով՝ իրենց համայնքներն այժմ ջրի խնդիր չունեն: «Մենք ջրամատակարարման խնդիր չունենք: Միայն Ղազանչիում է ջուրը ժամով մատակարարվում, սակայն դա խնդիր չէ, քանի որ այսօր Հայաստանի կեսը ժամով է ջուր ստանում: Կրասարում մի քանի ժամ է պակասում, մնացած համայնքներում ջրի խնդիր չկա: Մեզ ոռոգման համակարգ էլ պետք չէ, քանի որ խոտհարքներ ունենք, այդ համակարգը մեզ պետք չի գալիս»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Արթիկի ջրամատակարարմանը, ապա Արթիկ քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է 4 խումբ ՕԿՋ-ներից:
Ըստ armwater.am-ի, քաղաքին մատակարարվող ջուրը քլորացումից հետո բաժանարար հանգույցում ճյուղավորվում է 4 հիմնական ջրատարների, որոնցից յուրաքանչյուրը սնում է քաղաքի տարբեր բարձրադիր հատվածներում տեղաբաշխված ՕԿՋ-ները:
Բաշխիչ ցանցը, որի ընդհանուր երկարությունը 74 կմ է, կառուցված է 1950-ական թվականներին` իրականացված է պողպատե, թուջե և պոլիէթիլենե խողովակներից:
«Վերջին տարիներին իրականացված աշխատանքների արդյունքում զգալիորեն բարելավվել է քաղաքի ջրամատակարարման համակարգի վիճակը, և բարձրացել է ջրի հաշվառման մակարդակը: 2010 -2011թվականներին ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ վերանորոգվել են 2 խումբ ՕԿՋ-ները, շուրջ 1.5 կմ արտաքին ջրատար, վերակառուցվել է մոտ 20 կմ բաշխիչ ցանց: 2013 թվականից բարելավման աշխատանքներ են իրականացվել ՎԶԵԲ ֆինանսավորմամբ: Մանթաշ գետի վերին հոսանքներում լրացուցիչ կառուցվել է 570մ երկարությամբ ենթահունային դրենաժային ջրընդունիչ կառուցվածք, որը հնարավորություն տվեց Մանթաշ գետի ակունքներից վերցվող ջրաքանակը հասցնել մինչև 150լ/վրկ: Կառուցվել և վերակառուցվել է շուրջ 33.0 կմ երկարությամբ բաշխիչ ցանց, վերանորոգվել են մյուս ՕԿՋ-ները և փականային հանգույցները»,- նշված է նախկին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կայքում:
Վարդաքար համայնքի ղեկավար Գալուստ Ավետիսյանի խոսքով, իրենք գրեթե խմելու ջրի խնդիր չունեն, ոռոգման ջրի դեպքում էլ ջրամբարը կիսով չափ դատարկ է. «Անցած տարի նույն ժամանակահատվածում սելավատարների միջոցով լիքը ջուր գուկար, տեսնինք, անձրևներն ինչքանո՞վ կօգնեն, որ ջրամբարը լցվի: Մենք Վարդաքարի ջրամբարից ենք ջուր ստանում: Ընդհանուր ցանց չունինք, կորուստները մի քիչ շատ են: Համայնքի կեսը կարողանում է օգտվել ոռոգման ցանցից, մյուս կեսի հարցը պետք է կարգավորվի, որից հետո կմնա 23 տուն: Խորհրդային Միության տարիներին մենք ոռոգման ցանց ունեինք, համայնքի հողերի մոտ 70 տոկոսը վարելահող էին, Կառնուտի, Մանթաշի ջրամբարից կօգտվեինք: Ներկա պահին Վարդաքարի ջրամբարն է, որը պոմպային է, վերանորոգեցինք, ջրագիծ ենք քաշել»:
Նշենք, որ Վարդաքար գյուղը նախկինում սնվել է Մանթաշի ջրամբարից: ՎԶԵԲ ֆինանսավորմամբ կառուցված նոր ջրատարով, Արթիկ քաղաք մտնող ջրից որոշ քանակ գյուղին է տրվել: Գյուղի բարձրադիր հատվածում կառուցված են 150 մ3 և 300 մ3 տարողությամբ ՕԿՋ-ներ (օրվա կարգավորիչ ջրամբարներ), որոնք վթարային վիճակում են և չեն շահագործվում: Ջրամատակարարումն իրականացվում է արտաքին ջրատարից: Գյուղի զարգացման արդյունքում հյուսիս-արևմտյան բարձրադիր հատվածում կառուցվել էին նոր տներ:
Սակայն վերջիններիս ջուր չի հասնում, քանի որ բաշխիչ ցանցում չի ապահովվում անհրաժեշտ ճնշումը: Վարդաքարի բաշխիչ ցանցը կառուցված է 1960-ական թվականներին` հիմնականում պողպատե և թուջե խողովակներից, և գտնվում է քայքայված վիճակում: Ջրագծերի ընդհանուր երկարությունը մոտ 4 կմ է: Ջրամատակարարումն իրականացվում է գրաֆիկով (միջինը` 4-5 ժամ օրական), սակայն ամռան ամիսներին ջրամատակարարման միջին տևողությունը նվազում է: Նախկինում բնակչության շուրջ 30%-ն օգտվում էր իրենց տնամերձերում փորված խորքային հորերից, որոնք օգտագործվում էին ոռոգման և կենցաղային կարիքների համար:
Շիրակի մարզի մի շարք համայնքների բնակիչներ մեզ հետ զրույցում նշում են, որ խմելու ջրի խնդիրն առհասարակ հանրապետության բոլոր համայնքներում պետք է կարգավորված լիներ, ինչո՞ւ պետք է մենք այդ մասին մտածեինք: «Ամեն ինչ ավերվեց, ամեն ինչ վերականգնելու համար վարկ են վերցնում: Մնում է՝ թոշակներ տալու համար էլ վարկեր վերցնեն: Խմելու ջուրն ի՞նչ է, որ մարդ չունենա»,- ասում է Արշակ պապը:
Մեր մեկ այլ զրուցակից դժգոհեց «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքից, քանի որ Շիրակի մարզի որոշ համայնքների ջրամատակարարումն իրենք նորմալ կերպով չեն իրականացնում, համայնքներ կան, որտեղ բնակչության թիվը քիչ է, ջրի սպառումը՝ ևս, այդ պատճառով ջրախողովակները չեն շահագործվում վերը նշված ընկերության կողմից:
Տարիներ առաջ «Հայկական Կարիտասը» «Ռենովաբիս Գերմանիա» կազմակերպության աջակցությամբ ծրագրել էր 2014-2016 թվականներին Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում վերանորոգել ջրամատակարարման համակարգը:
Ծրագիրը նպատակ էր հետապնդում հուսալի ջրամատակարարում ապահովել Ցողամարգ, Անուշավան, Կրաշեն գյուղերի կարիքները բավարարելու համար:
Ըստ caritas.am-ի, թեև մեր երկիրը ջրով հարուստ է, սակայն անկախությունից հետո ջրի օգտագործումը մեր հանրապետությունում կրճատվեց՝ արդյունաբերության և գյուղատնտեսության կրճատման հետ միասին:
«Խմելու ջրի մոտ 98 տոկոսը կազմում են ստորերկրյա ջրերը և աղբյուրները, իսկ մնացած տոկոսը` մակերևութային ջրերը: Ստորգետնյա ջրերի և աղբյուրների որակը սովորաբար բավարար է՝ դրանք որպես խմելու ջուր օգտագործելու համար՝ ընդամենը պահանջելով միայն քլորացում: Հոսքային ջրերի մաքրման համար, այնուամենայնիվ, օգտագործվում են սովորական ջրամաքրման համակարգերը: Ջրային աղբյուրները շատ լավ պաշտպանված են, և վերջին տարիների ընթացքում գրանցվել են մանրէներով աղտոտման հազվագյուտ դեպքեր:
Հիմք ընդունելով քաղաքային և գյուղական վայրերի ջրի պահանջարկի կանխատեսումը՝ ակնկալվում է, որ աղբյուրների քանակը կմնա բավարար ջրային կարիքները հոգալու համար:
Հայաստանի ջրամատակարարման ցանցերը և համակարգերը խոշոր հիմնանորոգման և վերազինման կարիք ունեն: Հայաստանում ջրամատակարարման համակարգը կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին և Խորհրդային Միության փլուզումից հետո ներդրումների պակասի պատճառով բավականաչափ տուժել է: Ջրամատակարարման համակարգերը պատրաստված էին թուջից և պողպատից, որոնք ժամանակի ընթացքում քայքայվել և դարձել են ոչ պիտանի: Խողովակաշարերի կոռոզիան հանգեցրեց ջրային կորուստների, որոշ դեպքերում՝ մինչև 90 տոկոս:
Սա էլ, իր հերթին, բերում է բաշխման համակարգերում ջրի որակի վատթարացմանը: Նման զանգվածային կորուստները նշանակում են, որ բաշխիչ գծերով ջուրը չի հասնում սպառողներին, և ջրի կորուստները հանգեցնում են արտաքին միջավայրի փոփոխության:
Այս տարիների ընթացքում ներդրումների բացակայությունը, տեխնիկական սպասարկման ոչ անընդհատությունը հանգեցրեց ընդհանուր համակարգի աշխատանքի վատթարացմանը՝ չապահովելով սպառողներին համապատասխան սպասարկման մակարդակ: Ջրային կորուստներն ընդհանուր կազմում են 85 տոկոս, որը ըստ Համաշխարհային բանկի, աշխարհում ջրային կորուստների ամենաբարձր տոկոսներից մեկն է համարվում: Ջրային կորուստների ավելի քան 50 տոկոսը պայմանավորված է հին խողովակների արտահոսքով, իսկ մնացած մասը՝ գողությամբ և չվճարումներով»,- նշված է կայքում:
Այս ամենի հետ մեկտեղ՝ մեր համաքաղաքացիներին ևս մեկ հարց է հուզում՝ տեսանելի է, որ, ինչպես ոլորտային այլ հիմնախնդիրների, այնպես էլ՝ ջրամատակարարման, ջրախողովակների անցկացման վերաբերյալ խնդիրները լուծելու նպատակով ՀՀ իշխանությունները ոչ թե բյուջեի միջոցներն են օգտագործում, այլ անընդհատ վարկեր են վերցնում՝ ավելի ծանրացնելով հայաստանաբնակների ուսերին ընկած պարտքային բեռը, և կարևոր խնդիրներն ինքնուրույն լուծելու հարցում նախաձեռնողականություն չեն ցուցաբերում:
«Փոխարենը՝ բյուջեի միջոցները երբեմն անարդյունավետ են ծախսվում, երբ մեր իշխանավորները երկրի համար անօգուտ և անպտուղ այցեր են կազմակերպում արտասահմանյան երկրներ՝ վատնելով ՀՀ պետբյուջեի գումարները: Մինչդեռ, որքա՜ն հարցեր կարելի էր կարգավորել այդ գումարներով»,- ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնում Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչներից տիկին Ռոզան:
ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ