
Մայիսի 9-ից հետո չափից շատ ներողամտությունը ևս տեղին չի լինի. Թաթուլ Մանասերյան

«Ես տպավորված եմ գրագետ, օրինապաշտ գործողություններով։ Ժողովրդի նման մեծ հոսք կառավարելը լրջագույն արվեստ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով «թավշյա հեղափոխությանը»՝ այս մասին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ ընդգծելով, որ երկրորդ, ոչ պակաս դժվար փուլը սկսվելու է մայիսի 9-ից։
Տնտեսագետի կարծիքով՝ մայիսի 9-ից հետո չափից շատ ներողամտությունը ևս տեղին չի լինի. «Պետք է հասարակությունը բալանսի գա, և եթե կա իրավունք, չկա պատասխանատվություն, այդտեղ որևէ լուրջ ակնկալիքներ ես չունեմ։ Պատասխանատվության ինստիտուտը պետք է լրջագույնս արմատավորվի, և կարծում եմ՝ Փաշինյանին ու իր թիմին պետք է հորդորել ուշադրություն դարձնել դրա վրա»։
Տնտեսագետը դժգոհ է Կարեն Կարապետյանի կառավարությունից. «Եղել է աշխատատեղերի կրճատում, ներդրումների մասով ֆոկուս են արել՝ պետական բյուջեի ծախսային մասը ներկայացրել են՝ որպես ներդրումներ։ Այսինքն՝ ո՛չ ներդրումներ են ապահովել, ո՛չ աշխատատեղեր են ստեղծել։ Խայտառակություն է եղել, մեծ ձախողում է եղել նախորդ կառավարության կողմից»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում